Ներկայացնում է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան։
Երեխայի քնին նպաստող գործոններից մեկը սպիտակ աղմուկն է: Այն օգնում է բալիկին ավելի հեշտ քուն մտնել ու երկար միանվագ քնել: Ինչու՞: Քանի որ սպիտակ աղմուկը բալիկի մոտ ակտիվացնում է պաշտպանության, ապահովության զգացում՝ հիշեցնելով ներարգանդային կյանքը: Երեխան 9 ամսվա ընթացքում աղմուկի տակ է քնել, և հետո նրան, պահելով անձայն միջավայրում, սուր ազդակներ ենք փոխանցում: Սպիտակ աղմուկը լավ տարբերակ է` կողմնակի աղմուկը չեզոքացնելու, օրինակ՝ երբ տանն այլ երեխա կա:
Իսկ անվտա՞նգ է արդյոք սպիտակ աղմուկը: Այո՛: Սպիտակ աղմուկն, ի տարբերություն սովորական երաժշտության, չունի սյուժե, մոնոտոն է, հետևաբար հնարավորություն է տալիս փոքրիկին մակերեսային քնից սահուն անցում կատարել խոր քնի: Անվնաս է բալիկի ուղեղի համար:
Առհասարակ ցանկալի է սպիտակ աղմուկը միացնել ոչ թե գաջեթով, այլ հատուկ սարքով: Սպիտակ աղմուկը պետք է դնել երեխայի գլխից մոտ 1,5 մ հեռավորության վրա: Հարկավոր է չգերազանցել 70 դեցիբելը, որը հավասարազոր է միացրած ցնցուղի ձայնին կամ ուժեղ անձրևին: Բալիկի արթուն ժամանակ դա պետք է անջատել, իսկ ընդհանրապես միացման միջակայքերը պահպանել, որպեսզի երեխան չգերհոգնի ու դյուրին կերպով քուն մտնի: Ի դեպ, սպիտակ աղմուկի առօրյա, կենցաղային ձևեր են հանդիսանում փոշեկուլի, վարսահարդարիչի ձայները: