Նորածինն անհանգիստ է, ձեռքերը բռունցք է անում, ոտքերը ծալում, որովայնն էլ լարված է։ Նեոնատոլոգ Աննա Այվազյանի բնորոշմամբ՝ այս նշանները կարող են հուշել նորածնի մոտ կոլիկաների՝ աղիքային խիթերի առկայության մասին։
«Փոքրիկի մոտ նկատվում է նաև հաճախակի կրկնող երկարատև լաց, որը սկսվում է հատկապես երեկոյան ժամերին։ Կոլիկաները սովորաբար հասնում են արտահայտման գագաթնակետին, երբ նորածինը մոտ 3-4 շաբաթական է լինում։ Իհարկե, որոշների մոտ կարող է սկսվել նաև ավելի շուտ և զգալիորեն նվազել 3-4 ամսականից հետո»,- նշում է նա։
Իսկ որո՞նք են այս երևույթի առաջացման հնարավոր պատճառները
Պատճառ կարող են հանդիսանալ մարսողական համակարգի թերզարգացած լինելը, չափից շատ կերակրումները, սննդային ալերգիաները։ Սննդի ոչ լիարժեք մարսման արդյունքում բալիկի մոտ առաջանում են գազեր և սկսում անհարմարություն պատճառել։
«Կրծքով կերակրող մայրիկը պետք է ուշադրություն դարձնի հատկապես իր սննդակարգին, քանի որ նրա օգտագործած սննդից շատ բան է կախված։ Սննդակարգը պետք է լինի առողջ և բալանսավորված, ուտելիքը հարուստ լինի սպիտակուցներով, բայց կան սննդատեսակներ ու խմիչքներ, որոնք սահմանափակելու կարիք կլինի։ Դրանցից են սուրճը, գազավորված ըմպելիքները, շոկոլադը, թեյը, էներգետիկ ըմպելիքները։ Նշվածները, անցնելով կաթի մեջ, նորածնին կարող են բերել գրգռված վիճակի, ինչի արդյունքում բալիկը վատ կքնի։ Որոշ նորածիններ կարող են զգայուն լինել նաև այն դեպքում, երբ մայրիկն օգտագործում է կաղամբ, բրոկկոլի, լոբի, որոնք ևս գազեր են առաջացնում»,- ասում է մասնագետը՝ հավելելով, որ նման դեպքերում հարկավոր է ժամանակավորապես հրաժարվել դրանցից։
Ի՞նչ տարբերակներով է հնարավոր մեղմել փոքրիկի ցավը
Նեոնատոլոգն ասում է՝ կարելի է գրկել երեխային, մերսել որովայնը, միացնել սպիտակ աղմուկ՝ նրան շեղելու նպատակով, տանել զբոսանքի, կերակրումներից հետո պահել ուղղահայաց դիրքով։ Սա անցողիկ շրջան է, որի ընթացքում հարկավոր է լինել համբերատար։