Ի՞նչ կանոնների պետք է հետևի մայրիկը երեխային քնեցնելիս, որպեսզի փոքրիկը շուտ չարթնանա

0-3ամիս

Կարդացեք նաև նյութի առաջին և երկրորդ մասերը։

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է մանկաբույժ Հասմիկ Վարդանյանի հետ: 

 

Որքանո՞վ է կարևոր ռեժիմի սահմանումն ու պահպանումը երեխայի համար։

Ռեժիմի պահպանումը շատ կարևոր է փոքրիկի և ընտանիքի անդամների համար։

Նախ՝ ժամանակի ընթացքում ձևավորվում է երեխայի կենսաբանական ժամացույցը, և բոլորի համար օրը դառնում է կանխատեսելի ու պլանավորված։ Երեխային հստակ որոշակի ժամերի քնեցնելը թույլ է տալիս խուսափել գերհոգնածությունից, որն էական  պայման է լիարժեք քնի համար։ Մենք հաճախ ենք լսում, որ ինչքան երկար արթուն մնա երեխան, այնքան հեշտ և երկար կքնի: Իրականում լրիվ հակառակն է. եթե մենք բաց ենք թողնում երեխայի քնի պատուհանը (քնի ճիշտ պահը), նրա օրգանիզմում սկսվում  են արտադրվել սթրեսածին հորմոններ, որոնք նորից ակտիվացնում են նրան, սակայն այս անգամ արդեն նրա ներքին ռեսուրսների հաշվին՝ բերելով  գերհոգնածության, ինչն էլ հաճախակի արթնացումների պատճառներց մեկն է։

 

Ինչպե՞ս պետք է մայրիկը տրամադրի փոքրիկին, որ արդեն քնելու և հանգստանալու ժամն է։

Կարևոր է ձևավորել քնի ծես։ Ծեսը գործողությունների հաջորդականություն է, որը կատարվում է ամեն քնելուց առաջ՝ երեխայի քնելու պրոցեսը առավել կանխատեսելի և հեշտ դարձնելու համար։ Այն կարելի է կիրառել 4 ամսականից սկսած և ժամանակի ընթացքում փոփոխել: Ռիտուալը կազմակերպելու համար կարող են օգնության հասնել քնելուց առաջ լոգանքը, մերսումը, սիրելի գիշերազգեստը, միասին հեքիաթ կարդալը և այլն։

 

Ի՞նչ կանոնների պետք է հետևի մայրիկը երեխային քնեցնելու ժամանակ։

Առաջին հերթին պետք է թույլ չտալ, որ երեխան գերհոգնի։ Անհրաժեշտ է հետևել նրա հոգնածության նշաններին և արթուն մնալու ժամանակահատվածին, որը տարբեր տարիքային խմբերում տարբեր է։

Հոգնածության նշաններն են՝

- պասիվությունը

- հայացքի հառումը մի կետի վրա

- աչուկների, քիթիկի տրորումը

- հորանջելը։

Քնի պատուհանը բաց թողնելու պարագայում երեխան գերհոգնում է, սկսում է լաց լինել և քնեցնելու պրոցեսը դժվարանում է։ Մի՛ ուշացրեք երեխայի քունը։ Ամենահարմար ժամանակահատվածը երեխային քնեցնելու համար համարվում է 19.00-20.00-ն։ Պատճառն այն է, որ այս ժամանակահատվածում մեծ քանակությամբ քնի հորմոն է արտադրվում։

 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան