«Իմ փոքրիկ»-ը զրուցել է մանկաբույժ Հասմիկ Վարդանյանի հետ:
Որո՞նք կարող են լինել երեխայի՝ գիշերվա ընթացքում պարբերաբար արթնանալու պատճառները։
Քունը բարդ, բազմաբաղադրիչ, փուլային պրոցես է՝ կազմված մակերեսային և խորը քնի ֆազաներից։ Քնի համար պատասխանատու է մելատոնին հորմոնը, որի լիարժեք արտադրությունը կարգավորվում է 3-4 ամսականում։
Մելատոնինի արտադրությունն օրվա տարբեր ժամերին տարբեր է։ Հետևաբար մինչև 4 ամսականը քունն անցնում է ինքնակարգավորման ճանապարհով՝ հարմարվելով միջավայրին և նոր պայմաններին։ Այս իսկ պատճառով մինչև 4 ամսական երեխաները չունեն հստակ ռեժիմ և քնի ցանկացած տարբերակ համարվում է նորմա։ Նորածինների քունն իր փուլերով տարբերվում է մեծահասակների քնից։ Նրանց մոտ դեռ չի ձևավորվել մակերեսային և խոր քնի ճիշտ հերթագայումը։ Քնի մի ֆազայից մյուսին անցնելու ընթացքում մարդիկ կարող են արթնանալ, պտտվել մյուս կողմի վրա և նորից քնել, սակայն երեխաների դեպքում այն մի փոքր ավելի բարդ է ստացվում։ Փոքրիկների մեծ մասը մակերեսային քնից խորը քնի անցնելու ընթացքում կարող են արթնանալ, և կրկին քնելու համար հաճախ նրանց անհրաժեշտ են լինում մայրիկի օգնությունը, ծծակը, օրորելը, կրկին կուրծք ուտելը։ Սակայն սրանք էլ իրենց հերթին բերում են քնի բացասական ասոցիացիաների առաջացման։ Այսինքն՝ երեխայի քունը կապվում է բազմազան գործոնների հետ, և տվյալ գործոնների բացակայությունը պատճառ է դառնում երեխայի արթնացման։
Եթե բալիկն արթնացել է, ապա․
․ քաղցած է
․ տակդիրը թաց է, կեղտոտ
․ սենյակը շատ տաք կամ շատ ցուրտ է
․ առկա է քնի ռեգրես․ սա այն ժամանակահատվածն է, երբ փոքրիկը զարգացման ինչ-որ նոր փուլում է (սկսել է քայլել, նստել, կանգնել և այլն)
․ սկսվել է ատամների ծկթման շրջանը
․ քնից առաջ չափից շատ է ակտիվ եղել
․ ֆիզիկական դիսկոմֆորտի մեջ է գտնվում. օրինակ՝ ցավում է պատվաստման տեղը կամ խանգարում է հագուստը
․ ունի գիշերային վախեր կամ մղձավանջներ. սա հիմնականում կարող է առաջանալ 1 տարեկանից մեծ երեխաների մոտ
․ կա լույսի որևէ աղբյուր
․ աղմուկ է
․ առկա են աղեխիթեր
․ քնից անմիջապես առաջ օգտագործել է գաջեթներ (համակարգիչ, հեռախոս և այլն)
Մայրիկը պետք է փորձի նախ հանգստացնել երեխային, գրկել, մեղմ օրորել, այնուհետ հասկանալ պատճառը՝ փորձելով հիշել վերոնշյալ պատճառները։ Երեխայի քնի խանգարման պատճառների մեջ առանձնացնենք նաև ցնցումները; Վերջիններս նույնպես կարող են խանգարել փոքրիկին քնել։ Ցնցումները և քնի խանգարումները իրարից տարբերակելու համար անհրաժեշտ է տեսանկարահանել երեխային այդ պահին և դիմել նյարդաբանի։
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան