Ինչպե՞ս կերակրել զույգ երեխաներին. խորհուրդ է տալիս մանկաբույժը

Խնամք

Երեխայի  խնամքի կազմակերպումը առաջնային խնդիր է բոլոր ծնողների համար: Մայրիկն ու հայրիկը երեխայի ծննդին պատրաստվում են նախապես՝ գնում են մահճակալ,  մանկասայլակ, անհրաժեշտ խնամքի պարագաներ և շատ այլ իրեր: Այս ամենը կրկնապատկվում է, երբ բժիշկը հայտնում է ուրախալի լուրը՝ դուք զույգ երեխա եք ունենալու: Զույգ երեխաների խնամքի գործում հարկավոր է մի քանի կարևոր սկզբունք իմանալ՝ հատկապես կերակրման վերաբերյալ: Այս թեմայով  «Իմ փոքրիկը» զրուցել է մանկաբույժ Մարի Դարակչյանի հետ:

Ի տարբերություն շատ երկրների, Հայաստանում ձևավորված ավանդույթ կա՝ զույգերի ծնվելուն պես  բարեկամները մայրիկին օգնության են հասնում՝ կարծելով, որ նա միայնակ չի կարող կազմակերպել երեխաների խնամքը: Սակայն ամեն ինչ հնարավոր է հասցնել՝ ժամանակի ճիշտ կառավարման և պլանավորման  մեթոդներ մշակելու դեպքում: Բայց  նախքան այդ, կարևոր է հասկանալ՝ ինչն է խանգարում մայրիկին ճիշտ կառավարել ժամանակը: Այստեղ հարկավոր է մի քանի կարևոր սկզբունք հաշվի առնել:

Նախ` դժվարությունները կարող են կապված լինել ինչպես կերակրման, այնպես էլ լոգանքի, զբոսանքի և հիվանդության ժամանակ երեխաների խնամքի հետ: Եվ հատկապես  կերակրման գործում առավել քան կազմակերպված պետք է լինի փոքրիկների խնամքը:

Կերակրման մի քանի տարբերակ կա: Փոքրիկները կարող են կերակրվել  ինչպես կրծքով, այնպես էլ  կաթնախառնուրդով: Այստեղ   կարևոր է ժամանակի պահպանումը: Մեկ երեխայի դեպքում մայրիկի գործը համեմատաբար հեշտ է, քանի որ ուղղորդվում է փոքրիկի ուտելու ցանկությամբ, մինչդեռ զույգի դեպքում պետք է հաշվի առնել, որ մայրիկը  բավարար ժամանակ չի ունենում  հանգստանալու և էներգիա հավաքելու համար:

Եթե մայրիկը երեխաներին կերակրում է բացառապես կրծքով, ապա նա  պետք է սովորի միաժամանակ  կերակրել երկուսին էլ: Այնուհետև  հարկավոր է ճիշտ սահմանել  կերակրման միջին ժամանակահատվածը:

Կան հատուկ կերակրման միջոցներ, օրինակ՝ մայրիկը կարող է  փորձել ֆուտբոլի գնդակի դիրքը, երբ երեխաները մայրիկի թևատակերի ուղղությամբ հենվում են՝ գլխով դեպի կուրծք:  Երբ երեխաները համեմատաբար մեծ են և կարող են այլ դիրքով հենվել, ապա նպատակահարմար է  դասական դիրքը  կիրառել:  Եթե նրանք ուտում են միաժամանակ և՛ կրծքի կաթ, և՛ կաթնախառնուրդ, ապա լավ կլինի, որ մայրիկը համատեղի՝ մեկին կաթնախառնուրդ տա, իսկ այդ ընթացքում մյուսին՝ կրծքի կաթ: Իսկ եթե միայն կաթնախառնուրդ են ուտում, ապա լավ կլինի երկու շշերով և  միաժամանակ կերակրել  երեխաներին, քանի որ այդ տարբերակը նպաստում է, որ երեխաներն ունենան միաժամանակյա քուն և ռեժիմ: Սա էլ իր  հերթին  մայրիկին կօգնի միջանկյալ և ազատ ժամանակ ունենալ:

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան