Փոքրիկի հիգիենային հետևելը շատ կարևոր է նրա առողջության համար, ուստի այս հարցին պետք է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ: Առաջնեկի ծննդյան պահից սկսած՝ մայրիկների՝ խնամքի հետ կապված անհանգստությունը սկսվում է: «Իմ փոքրիկ»-ն այս անգամ մանկաբույժ Մարի Դարակչյանի օգնությամբ փորձել է պարզել՝ ինչպես պետք է լողացնել նորածնին և հատկապես ինչպես պետք է լվանալ փոքրիկների սեռական օրգանները:
Ինչպե՞ս լողացնել
Նորածնին ցանկալի է լողացնել շաբաթական նվազագույնը երեք անգամ: Պետք է օգտագործել մաքուր ջուր` 37 աստիճան ջերմությամբ: Կարող եք օգտագործել մանկական մաքրող միջոցներ, գելեր կամ նորածնի համար նախատեսված հատուկ օճառներ: Լոգանքի սկզբում լվացեք երեխայի դեմքը: Սկզբում բամբակյա հատուկ գնդիկներով մաքրեք աչքերի հատվածը, այնուհետև ամբողջ դեմքը, որից հետո միայն երեխային ընկղմեք ջրի մեջ: Որպեսզի երեխան չվախենա, խորհուրդ ենք տալիս սկզբում երեխային լողացնել տակաշորով: Այս դեպքում մարմինն ամբողջությամբ չի ընկղմվում ջրում, երեխան ջերմաստիճանին սովորում է աստիճանաբար: Հիգիենան ուղիղ կապ ունի երեխայի առողջության հետ: Հիգիենայի սխալ կազմակերպման դեպքում մինչև անգամ կարող եք վնասել նորածնի օրգանները՝ հատկապես սեռական:
Ինչպե՞ս լվանալ երեխայի սեռական օրգանները
Լոգանքը ենթադրում է անընդհատ շփում երեխայի ոչ միայն մաշկի, այլև սեռական օրգանների հետ: Առհասարակ, ավելորդ անգամ պետք չէ ձեռք տալ երեխաների սեռական օրգաններին: Տղաների և աղջիկների սեռական օրգանները տարբեր խնամք են պահանջում: Նորածին տղաների սեռական օրգանն այնպես է ստեղծված (օրգանի գլխիկը ներփակված է կաշվի մեջ), որ ամբողջապես մեկուսացած է արտաքին շփումից, հեռու է վնասակար բակտերիաներից ու վարակներից: Աղջկա դեպքում պատկերը այլ է՝ միզածորանների խողովակը կարճ է և խոցելի, այստեղ բակտերիաները հեշտ են ներթափանցում:
Տղաներ
Տղաների սեռական օրգանը լվանում ենք միայն դրսից, ծայրի կաշին հետ չենք տանում ուժով: Եթե այն ի սկզբանե բաց է կամ հեշտությամբ հետ է գնում, ապա կարելի է այն լվանալ՝ հետ տանելով առնանդամի գլխիկը: Մինչև մեկ տարեկան տղա նորածինների 90 %-ի մոտ առնանադամի գլխիկը փակ է, և դա նորմալ է, պետք չէ այն ուժով փորձել բացել: Եթե այն չի բացվում, մաշկի արտաքին հատվածը լվանում ենք մաքուր ջրով, մաքրող միջոցներով:
Աղջիկներ
Աղջիկների սեռական օրգանները խնամում ենք առջևից հետև ուղղությամբ, ուշադրություն ենք դարձնում մեծ և փոքր սեռական շրթունքների մեջ կուտակված սպիտակավուն արտադրությանը: Աղջիկների սեռական օրգանները հակված են միզուղիների ինֆեկցիաների առաջացման. այս դեպքում ռիսկը կարող է շատ ավելի մեծանալ: Պետք է լինել ուշադիր և խնամքը կազմակերպել միզուկից դեպի հետանցք ուղղությամբ:
Հիշեք՝ երկարատև լոգանքը՝ բարձր ջերմաստիճանի պարագայում, կարող է առաջացնել մաշկի չորություն, որն էլ իր հերթին հետագայում կբերի այլ խնդիրների:
Հեղինակ՝ Ստելլա Պետրոսյան