Ինչպե՞ս ընտրել հագուստ նորածնի համար

Խնամք

Ապագա մայրիկները,  որպես կանոն,  չեն կարողանում անտարբեր  անցնել մանկական հագուստի խանութի կողքով, գնում են այն ամենը, ինչ աչք է շոյում` հաճախ անգամ չմտածելով` դա պետք կգա հետագայում, թե ոչ:

Իսկ արդեն մայրիկ դարձած կանայք այս հարցին ավելի պրակտիկ մոտեցում են ցուցաբերում` մանկական հագուստ ընտրելիս ոչ այնքան կարևորում են արտաքին տեսքը, որքան  հարմարավետությունը, որակը:

Ի վերջո, ի՞նչն է կարևոր նորածնի համար  հագուստ ընտրելիս:

Նորածինների համար նախատեսված հագուստը հիմնականում վաճառվում է կոմպլեկտով: Սակայն ավելի նախընտրելի է հագուստն առանձին-առանձին գնելը, քանի որ փոքրիկին օրական մի քանի վերնազգեստ(բոդի) կարող է պետք գալ, բայց ծածկոցն ամեն օր փոխել պետք չէ: Այսինքն կարելի է գնել , օրինակ, երկու ծածկոց, բայց տասը մանկական վերնազգեստ:

Բայց պետք էլ չէ փոքրիկներին չափից շատ հագուստ գնել.  նրանք արագ են մեծանում և շատ շոր գնելու դեպքում պարզապես չեն հասցնի դրանք հագնել:

Մանկական հագուստ գնելիս  ամենակարևորը հարմարավետությունն է. սա զգեստ ընտրելու առաջնային չափանիշն է: Կարևոր է նաև շորի որակը, այլ ոչ թե արտաքին տեսքը, արդուզարդը:

Կտորը, որով կարված ե է հագուստը,  պետք է լինի միայն բնակա, օրինակ, բամբակյա, վուշից, քաշմիրից:  Խուսափեք պոլիէսթերից, նեյլոնից կամ արհեստական շիֆոնից:

Տակդիների համար նախընտրեք տրիկոտաժ, բամբակյա հյուսվածք կամ թավիշ:

Հագուստի համար՝ բամբակյան տրիկոտաժ, այն թեթև է, հեշտ ձգվում է և հիգիենիկ է: Վիլվետից կարված հագուստը այդքան էլ հաճելի չէ  փոքրիկի մաշկին: Ուշադիր  եղեք, որ կարը արված լինի  դրսի կողմից, այլապես այն կառաջացնի անհարմարություն:

Մի քիչ մեծ չափսի հագուստը բնականաբար ֆինանսապես կարող է շահավետ լինել, սակայն նրանում փոքրիկը կլողա և իրեն կրկին հարմարավետ չի զգա: Հագուստ ընտրելիս պետք է հաշվի առնեք նրա մեծանալու տեմպը և զբոսնելու սեզոնը: Սովորաբար 3-6 ամսական փոքրիկի համար ընտրում են 60-68 սմ, 6-9 ամսականի համար 68-74, իսկ 9-12 ամսականի համար՝ 74-80սմ:

Հիշեք,  մանկական հագուստը հաճախ է լվացվում,  ուստի գնելուց ուշադիր նայեք պիտակին, լվանալուց էլ հետևեք խնամքի կանոններին, որպեսզի հագուստը չգունաթափվի, չխունանա:

Շատ վառ,  հագեցած գույները և դրանց կոնտրաստները կարող են վատ անդրադառնալ փոքրիկների հոգեբանության վրա: Նախընտրեք նուրբ, պաստելային երանգներ և հնարավորության դեպքում առանց նկարների:

Նախապատվությունը տվեք պարզությանն ու հարմարավետությանը: