Փոքր ժամանակ, երբ մորս բարկացնում էի իմ անվերջանալի կամակորություններով, մի խոսք էր ասում. «Դու էլ աղջիկ ունենաս, քո նման լինի»:
Ես էլ «տակ չմնալու» համար պատասխանում էի. «Հա, թող ինձ նման լինի, ես շատ գոհ կլինեմ»:
Անցան տարիներ, ծնվեց աղջիկս՝ Եվան: Ամենափոքրուց երևում էր, որ կամակորությամբ ու ինքնուրույն որոշումներ
Փոքր ժամանակ, երբ մորս բարկացնում էի իմ անվերջանալի կամակորություններով, մի խոսք էր ասում. «Դու էլ աղջիկ ունենաս, քո նման լինի»:
Ես էլ «տակ չմնալու» համար պատասխանում էի. «Հա, թող ինձ նման լինի, ես շատ գոհ կլինեմ»:
Անցան տարիներ, ծնվեց աղջիկս՝ Եվան: Ամենափոքրուց երևում էր, որ կամակորությամբ ու ինքնուրույն որոշումներ կայացնելու համառությամբ ինձ էր նման, բայց ես դեռ դառը պտուղները չէի քաղել:Երբ երկուսուկես տարեկանից Եվան սկսեց հաճախել մանկապարտեզ, հասկացա, որ կամակորությունն ու իր ասածը պնդելն արդեն բնավորության լուրջ գիծ են դառնում: Արդեն երկուսուկես տարի է՝ մանկապարտեզ է գնում, և այդ ողջ ընթացքում ամեն երեկո ինքն է ընտրում, թե առավոտյան ինչ պետք է հագնի: Պատերազմական երեկոներ շատ ենք ունենում, քանի որ երբեմն նրա ընտրությունն իմ ճաշակով չի լինում, բայց ցավոք, գրեթե միշտ Եվան է հաղթում՝ «Մամ, սազում է, դու չգիտես…» արտահայտությամբ հարցը փակելով:
Մի քանի անգամ փորձել եմ լրջորեն ընդդիմանալ, բայց այնպիսի ահավոր լացուկոծ, հիստերիա է դրել, որ անգամ ապտակները չեն ստիպել փոխել որոշումը: Մի խոսքով, այդ պահերին միշտ մորս եմ հիշում ու մտածում. «Մորս «անեծքը» կպավ…»:
Հետաքրքիրն այն է, որ նա մանկապարտեզում կամ որևէ այլ միջավայրում այնքան համեստ ու լսող է դառնում, որ ոչ ոք չի հավատում, թե Եվան կարող է կամակորություն անել:
Հագուստի ընտրությունը կատարելուց հետո Եվան ընտրում է, թե ինչ խաղալիք պետք է տանի մանկապարտեզ: Ընտրում է, և այդ խաղալիքը ողջ գիշեր ամուր պահում ձեռքում: Եթե հանկարծ քնած ժամանակ ձեռքից վերցնում եմ, առավոտյան խիստ նեղանում է: Սակայն սարսափելին այն է, որ մեկ-մեկ չի կողմնորոշվում խաղալիքի ընտրության հարցում…այդ ժամանակ սկսվում է իսկական պատերազմ: Մոտ 15-20 րոպե տևողությամբ ողբալի բողոքի ակցիայով բարձրաձայնելով իր «խաղալիք չունենալու» հիմնախնդիրը՝ ի վերջո ինչ որ բան է ընտրում:
Եվայի բնավորության գծերից մեկն էլ ահավոր զգայուն լինելն է, դա հատկապես արտահայտվում է այն ժամանակ, երբ պետք է բաժանվի ընկերներից. մյուս երեխաները հանգիստ «հաջող» են ասում ու հեռանում, իսկ Եվան սթրեսի մեջ է ընկնում, որից դուրս գալը երբեմն շատ երկար է տևում:
Երբ հյուր ենք գնում, մոտ մեկ ժամ է անհրաժեշտ լինում, որպեսզի հարմարվի միջավայրին, բայց որպես կանոն՝ ամենադժվարն ինքն է բաժանվում այդ միջավայրից: Մի խոսքով, եթե մեկ բառով Եվային բնութագրելու լինեմ, կասեմ՝ ծայրահեղություն:
Եվայի բնավորության ամենացայտուն գծերից մեկն էլ բծախնդրությունն է: Դա արտահայտվում է ամեն հարցում. եթե հանկարծ հագուստի վրա կամ մարմնի որևէ մասում մի կեղտաբիծ, ավելորդ թել կամ որևէ ավելորդ մի բան նկատի, պետք է անմիջապես վերացնի այդ թերությունը՝ անկախ նրանից այդ պահին հարամա՞ր է, թե՞ ոչ: Հաճախ կոնֆետից հրաժարվում է միայն այն բանի համար, որ կարող է ձեռքերը կեղտոտել:
Չգիտեմ՝ նրա կամակոր, համառ, ինքնուրույն ու բծախնդիր բնավորությունն ի՞նչ կտա իրեն ապագայում, համենայնդեպս ես՝ որպես այդ բնավորության կրող, գիտեմ, որ այն ինձ համար հաճախ է խնդիրներ առաջացրել, բայց միաժամանակ, կյանքի ամենակարևոր որոշումների ժամանակ օգնել է ճիշտ ընտրություն կատարել: