Դիմածնոտի խախտում. ինչո՞ւ է առաջանում ու ինչպե՞ս է շտկվում

Խնդիրներ

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը:

Ի՞նչ է դիմածնոտի խախտումը և ի՞նչ տեսակներ կան:

 Դիմածնոտի շրջանում բնածին արատներից ամենատարածվածը շրթունքի և քիմքի ձևախեղումներն են: Շրթունքի ձևախեղումներն  ընդունված է կոչել նապաստակի շրթունք, քիմքինը` գայլի երախ: Ըստ տեսակների լինում են` մասնակի, լրիվ, միակողմանի և երկկողմանի: Մասնակի ձևախեղումն  ընդգրկում է միայն փափուկ քիմքի, լրիվը` նաև կարծր քիմքի ձևախեղումը: Նապաստակի շրթունքը վերագրվում է միայն վերին շրթունքին:

Լինում են նապաստակի շրթունք, գայլի երախ, լինում են նաև միասին զուգակցված: Դրանք իհարկե բարդ ձևերն են:

Ստորին ծնոտի զարգացման արատներից մեկը կոչվում է միկրոգնացիա, որը ստորին ծնոտի թերզարգացումն է և արտահայտվում է կարճ ստորին ծնոտով: Մյուսը մակրոգնացիան է, որն արտահայտվում է առաջ ընկած ստորին ծնոտով: Երկուսն էլ հնարավոր է վիրահատել կյանքի ավելի ուշ շրջանում, երբ ամբողջովին ձևավորված է լինում կառուցվածքային ծնոտը և այլևս զարգացման տեղ չունի:

Մեծ լեզուն և փոքր ծնոտը զուգահեռ կոչվում է պեռնոբինի հիվանդություն: Բարդ հիվանդություն է և հսկողության կարիք ունի, քանի որ մեջքի վրա պառկած` լեզվի ծանրության հաշվին այն ետ է գնում, փակում է շնչուղիները և այդ երեխաների մոտ շնչառական պրոցեսների զարգացման վտանգ է առաջանում: Սա փուլային հիվանդություն է: Առաջին փուլում լեզուն բերում են առաջ և կարում են ստորին ծնոտի լորձաթաղանթին, որպեսզի հետ չգնա:

Որո՞նք են պատճառները:

Շրթունքը և քիմքը ձևավորվում են մեկ սաղմնային թերթիկից, և ձևավորման որոշակի շրջանում զարգացման շեղում է տեղի ունենում, որի հետևանքով երեխան ծնվում է հենց սաղմնային վիճակում: Այսինքն պիտի լիարժեք ձևավորվեր, կազմավորվեր, բայց  ինչ-ինչ պատճառներով  տեղի չի ունեցել  և երեխան ծնվում է իր սաղմնային վիճակում, այսինքն` ձևախեղված:

Ինչպե՞ս հասկանալ, որ խախտված է դիմածնոտը:

Դա աչքով տեսանելի է:

Մանկական ծամածռությունը կարո՞ղ է դիմածնոտի ձևափոխություն առաջացնել:

Դեմքի ծամածռությունը մկանների աշխատանքի հետևանք է, ոսկրային համակարգը գրեթե չի մասնակցում: Հետևաբար դեմքի ծամածռությունը  չի կարող առաջացնել դիմածնոտի ձևափոխություն:

Դրանք բնածին հիվանդություններ են և դրսևորվում  են երեխայի ծննդյան հետ միասին:

Ինչպե՞ս է շտկվում:

 

Շտկվում է միայն վիրահատական ճանապարհով: