Նորածնային փսխումներ. պատճառներն ու կանխարգելումը

Խնդիրներ

Մայրիկներին  հաճախ անհանգստացնող հարցերից են նորածնի մոտ  կրկնվող փսխումները։ Նորածինների մոտ փսխումները համարվում են  լրիվ բնական ֆիզիոլոգիական պրոցես։  Փսխումները տեղի են ունենում այն պատճառով, որ ստամոքսի մկանային և նյարդային համակարգերը, որոնք պատասխանատու են նրա աշխատանքի համար, նորածինների մոտ անբավարար, թույլ են զարգացած։

Կերակրման ժամանակ օդն անցնում է ստամոքս և գտնվում է կաթից ցածր մակարդակի վրա։ Այն ժամանակ, երբ ստամոքսը կծկվում է, կաթը հակառակ ուղղությամբ անցնում է կերակրափող և բերանի խոռոչ։  Հաջորդ տարբերակը, երբ նորածինն այնպես  ագահորեն է ծծում , որ կուլ է տալիս չափից  շատ կաթ, իսկ ստամոքսն ավելորդ կաթը հետ է « ուղարկում»։

 

Բժշկի անհրաժեշտ է դիմել բոլոր այն դեպքերում, երբ.

 

  • հաճախակի  կերակրումների պայմաններում նորածնի քաշը չի ավելացնում կամ նվազում է
  • փսխումները շատրվանանման են և մեծ ծավալով, որոնց արդյունքում նկատվում են ջրազրկման երևույթներ, ջերմության բարձրացում,
  • փսխման զանգվածը կանաչավուն է, լեղու պարունակությամբ
  • փսխումներն ուղեկցվում են ցավերով, ինչի պատճառով երեխան լացում է,
  • երեխան յուրաքանչյուր կերակրման ժամանակ չի հանգստանում, այլ հակառակը՝ կարծես խեղդվում է ու հազում:
  •  

Անհապաղ պետք է դիմել բժշկի կամ շտապ օգնություն  կանչել, եթե.

 

  • Փսխումից հետո նորածինը չի շնչում, գիտակցությունը կորցրնում կամ կապտում է,
  • Նորածնի փսխման զանգվածը կանաչավուն է կամ շագանակագույն (դա կարող է աղիքային անանցանելիության նշան լինել)։

Նորածինների մոտ հաճախակի կրկնվող փսխումների հետ կապված խնդիրը մեծամասամբ  կարելի է լուծել առանց բժշկի դիմելու, պարզապես պետք է կերակրումները ճիշտ իրականացնելու մի քանի կանոն պահպանել։

  • Ամենակարևոր պայմաններից մեկն այն է, որ կերակրումներից հետո երեխային պետք է պահել ուղղահայաց դիրքում 5-10  րոպեից ոչ պակաս, մինչև կուլ տված օդը գղտոցով դուրս կգա։
  • Խուսափեք չափից շատ կերակրումից։ Ավելի լավ է կերակրել քիչ ծավալով, բայց հաճախակի։
  • Կերակրման ժամանակ ուշադիր պետք է լինել, որպեսզի երեխան կուրծքը բռնի ամուր՝ ավելորդ օդ կուլ տալուց խուսափելու համար։ Եթե կերակրումներն իրականացվում են շշով, ապա պետք է ուշադիր լինել, որպեսզի ծծակի անցքը ոչ շատ մեծ լինի, ոչ էլ փոքր։ Անհրաժեշտ է կերակրման ժամանակ շիշը պահել այնպես, որ ծծակը միշտ լցված լինի կաթով։
  • Կերակրումներից հետո 15-30 րոպե սահմանափակել նորածնի ակտիվ շարժումները։

Հաճախ նորածինների մոտ փսխումները լինում են  պառկած դիրքում։ Այս դեպքում կա իրական վտանգ, որ երեխան կարող է խեղդվել փսխման զանգվածից(ասպիրացիա), ինչն իր հերթին կարող է բերել շնչուղինների խցանման և թոքաբորբի զարգացման։ Ասպիրացիայի կանխման նպատակով անհրաժեշտ է երեխայի մոտ փսխում նկատելուց անմիջապես հետո  գլուխը կողքի թեքել, որպեսզի փսխման զանգվածը հեշտությամբ դուրս գա բերանի խոռոչից։

Այսպիսով, եթե նորածնի փսխումները չեն ուղեկցվում քաշի կորստով, այն համարվում է անվնաս  ֆիզիոլոգիական երևույթ, որն ինքնուրույն անցնում է։ Հակառակ դեպքում, եթե երեխան ամենօրյա փսխումների արդյունքում քաշ է կորցնում, պետք է դիմել բժշկի։ Նորածինների համար նախատեսված որևէ հակափսխումային դեղորայք գոյություն չունի։ Կարելի է որոշ չափով  կառավարել նորածնի փսխումները՝ հետևելով կերակրման կանոններին։

 

Շենգավիթ ԲԿ-ի Նորածնային և ինտենսիվ թերապիայի

բաժանմունքի նեոնատոլոգ Արմինե Ֆանյան