Նորածնային ակնե․ ինչո՞վ է տարբերվում այն ալերգիայից և արդյո՞ք բուժվում է

0-3ամիս

Նորածնային ակնեի մասին «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Արաբկիր» ԲԿ-ի մանկաբույժ Մերի Մարանդյանի հետ։

Մայրիկները բավականին ուշադիր են նորածինների մաշկի նկատմամբ ու մաշկի կարմիր երանգավորմամբ ցանկացած փոփոխություն, որպես կանոն, համարում են ալերգիկ դրսևորում՝ կարծելով, որ պատճառն իրենց ոչ ճիշտ սննդակարգն է։ Մինչդեռ, դա կարող է լինել սովորական նորածնային ակնե, որը հանդիպում է բալիկների 20-30%-ի մոտ։

Նորածնային ակնեի առաջացումը կապվում է հղիության ընթացքում մորից երեխային փոխանցված հորմոնների հետ։ Նորածնի մեծանալուն զուգահեռ հորմոնները նպաստում են ճարպի առատ արտադրմանը, ճարպագեղձի ծորանի խցանմանը և բորբոքման զարգացմանը։ Ալերգիայից ակնեն տարբերակելու համար պետք է իմանալ, որ ակնեն տարածվում է հիմնականում գլխի մազածածկի, դեմքի՝ այտերի, քթի ու ճակատի, պարանոցի հատվածում, նաև կրծքավանդակին։ Ալերգիկ ցանավորումը չունի հստակ տեղակայում․ ընդգրկում է  կրծքավանդակը, որովայնը, վերջույթները, երբեմն ուղեկցվում է այտուցով։ Ակնեի պարագայում տեսնում ենք կարմիր եզրագծերով սպիտակ բշտիկներ, որոնք անհետանում են կյանքի 2-3-րդ ամիսների ընթացքում։ Բալիկին ակնեն չի անհանգստացնում՝ ի տարբերություն ալերգիկ բնույթի ցանավորման, քանի որ վերջինիս դեպքում դիտվում են քոր բերող մեծ, կարմիր հետքեր։

Նորածիների շրջանում արձանագրվող ակնեն չի համարվում ախտաբանություն,  հետևաբար որևէ բուժում չի ենթադրում։ Պետք է ուղղակի ամեն օր լողացնել բալիկին գոլ ջրով, մեղմորեն չորացնել մաշկը, չփորձել մեխանիկորեն մաքրել բշտիկները, խուսափել լոսյոնների և յուղերի օգտագործումից դեմքի հատվածում։ Մեծամասամբ վիճակն անցնում է ինքնուրույն, առանց բարդությունների։ Եթե ծնողը նկատում է բշտիկի տեսքի փոփոխություն, ինչն ուղեկցվում է փոքրիկի անհանգստությամբ, այդ ժամանակ պարտադիր է զրուցել մանկաբույժի հետ, անհրաժեշտության դեպքում ստանալ մաշկաբանի խորհրդատվության։