Փոքրիկը հաճա՞խ է լեզուն դուրս հանում․ պատճառներին անդրադառնում է մանկաբույժը

0-3ամիս

Փոքրիկի հետ խաղալիս, զբոսնելիս կամ պարզապես կողքին նստած լինելիս կարող ենք ականատես լինել, թե ինչպես է նա լեզուն դուրս հանում:

Տվյալ  «ժեստն»  ընկալվում է շատերի կողմից դրականորեն, քանի որ, ըստ նրանց, փոքրիկներն այդպիսի ձևով շփվում են: Սակայն երբեմն մայրիկներն անհանգստանում են՝ մտածելով, որ երեխան սովորականից հաճախ է լեզուն դուրս հանում, ու դա միգուցե կապված լինի որևէ խնդրի հետ: Ըստ մանկաբույժ Արփինե Հովակիմյանի՝ մինչև վեց ամսական բալիկների շրջանում լեզուն դուրս հանելու տարածված պատճառներ են ռեֆլեքսները և քաղցի զգացումը: «Լեզվի մղման ռեֆլեքսի դեպքում  երեխան ինքնաբերաբար երկարացնում է լեզուն՝ ի պատասխան շուրթերին դիպչող ինչ-որ բանի: Դա հեշտացնում է ուտելու ընթացքը, երբ մայրիկը կրծքից կամ շշից փոքրիկին կաթ է տալիս: Այս փոքրիկները նաև միշտ չէ, որ իրենց քաղցած լինելն ազդարարում են լացով: Լացն իրականում սովի ուշ նշան է: Նրանք ուտելու ցանկություն ունենալիս  կարող են դուրս հանել լեզուն, սեղմել ձեռքերը, ձեռքերը բերանի մոտ տանել, շրթունքները լիզել: Երեխան կարող է լեզուն դուրս հանել կուշտ լինելուց հետո ևս»,- ասում է մասնագետը:

Նա բացատրում է, որ տարիքի հետ երեխայի սովորությունները, գիտակցությունն ու մեծահասակների վարքագիծը կրկնօրինակելու ունակությունը փոխվում են: Եթե մինչև վեց ամսականը երեխաները կարող էին բնազդաբար դուրս հանել լեզուն, ապա այդ տարիքից բարձր փոքրիկներն անում են դա միտումնավոր: Մոտ վեց  ամսականում երեխաները զարգացնում են հաղորդակցման հմտություններ, փորձում են լեզուն դուրս հանել՝ ընդօրինակելով ընդանիքի անդամին կամ ծնողի կողմից արձագանք ստանալու համար: Երբ դիմացինը, սա տեսնելով, ծիծաղում է, երեխան շարունակում է ու կրկնում ավելի հաճախ: Այսպիսով լեզուն դուրս հանելը մի կողմից դիտվում է լիովին նորմալ, մանկական վարքագիծ:

«Մյուս կողմից, չպետք է բացառել, որ գործողության հետևում թաքնված լինեն լուրջ նախադրյալներ: Եթե երեխան լեզուն չափից շատ է դուրս հանում, հնարավոր է՝ առկա է մկանային տոնուսի նվազում: Մի շարք հիվանդություններ բերում են հենց մկանների տոնուսի նվազմանը, օրինակ՝ Դաունի համախտանիշը, ԴիՋորջի համախտանիշը»,- ընդգծում է մանկաբույժը: Հավելում է՝ որոշ բնածին հիվանդություններ էլ պատճառ են դառնում, որ նորածիններն ունենան սովորականից մեծ լեզու, ինչը բերում է լեզվի՝ բերանից դուրս մնալուն: Հաշվի առնելով այս ամենը՝ պետք է ուշադիր լինել ու դիմել բժշկի, եթե առանց ակնհայտ պատճառի երեխան անընդհատ դուրս Է հանում լեզուն, ունի զարգացման այլ խնդիրներ, ուղեկցող նշաններ։