Փոքրիկը քրտնում է գիշերը․ ի՞նչ անի ծնողն ու ե՞րբ անհանգստանա

0-3ամիս

Երեխան գիշերվա ընթացքում քրտնում է, և դա որոշ դեպքերում նորմալ է: «Նորածինը համեմատաբար երկար ժամանակ է անցկացնում խոր քնի փուլում,  և կյանքի սկզբնական շրջանում նրա ջերմակարգավորման համակարգը դեռևս լիարժեք ձևավորված չէ:

Մայրիկն անգամ կրծքով կերակրելիս կարող է շոշափել և երբեմն խոնավություն զգալ երեխայի գլխի հատվածում: Ուղղակի սնունդը ստանալու նպատակով բալիկը ջանքեր է գործադրում, ուստի ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով քրտինքը հայտնվում է նրա ճակատին ու գլխամաշկին: Լացն էլ կարող է «ծանր աշխատանք» համարվել երեխայի համար և էներգիա խլել նրանից»,- մանրամասնում է մանկաբույժ Արփինե Հովակիմյանն ու ընդգծում՝ քրտնելու պրոցեսի վրա մեծապես ազդում են մրսածությունն ու վարակների առկայությունը, արտաքին գործոնները (հագուստ, սենյակի ջերմաստիճան ու խոնավություն): Հիպերհիդրոզը՝ առատ քրտնարտադրությունը,  երեխաների մոտ կարող է լինել նաև լուրջ բժշկական խնդիրների ախտանիշ: Դրանցից են՝ վիտամինի D-ի պակասը, վեգետատիվ նյարդային համակարգի խանգարումները, սրտային, լյարդային, երիկամային անբավարարությունը, տուբերկուլյոզը, շաքարախտը և այլն:

Մանկաբույժը խորհուրդ է տալիս երեխային քրտնած նկատելու դեպքում առաջնահերթ հեռացնել ավելորդ հագուստը, հագցնել թեթև զգեստ, կարգավորել սենյակի ջերմաստիճանը: Փոքրիկի միջավայրում ջերմաստիճանը պետք է լինի 20-22 ͦC, խոնավությունը՝ 40-60%: Քնից առաջ հարկավոր է օդափոխել տարածքը, սենյակում կատարել թաց մաքրում։ Կարելի է առաջարկել երեխային հեղուկներ։ Իմիջայլոց, անկողնային պարագաների և գիշերազգեստի որակը ևս կարող է գիշերային քրտնարտադրության պատճառ լինել։  

«Եթե բացի քրտնարտադրությունից կան այլ նշաններ, ինչպես, օրինակ,  շաքարախտի պարագայում ծարավի զգացողության մեծացումն է, հաճախացած միզարձակությունը, քաշի կորուստը, քրտինքի ացետոնանման հոտը, ապա անհրաժեշտ է շտապ բժշկի դիմել»,- շեշտում է մասնագետը:

 

 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան