Ինչպե՞ս խնամել նորածնի պորտը և ի՞նչ պարտադիր կանոններ պահպանել․ մանկաբույժի խորհուրդները

0-3ամիս

Հղիության ընթացքում պորտալարը սնուցում և թթվածին է մատակարարում զարգացող պտղին, իսկ փոքրիկի ծնվելուց հետո այն կտրվում է և կապվում միանվագ օգտագործման պլաստմասե սեղմակների միջոցով:

Հաջորդիվ ծնողի մոտ արդեն ծագում են հարցեր՝ ինչպե՞ս է պետք խնամել պորտալարի մնացորդը, ինչպիսի՞ կանոններ պահպանել առաջիկայում, կարո՞ղ են բարդություններ առաջ գալ պորտալարի մնացորդի ընկնելուց հետո և ո՞ր դեպքում անհանգստանալ:

Նեոնատոլոգ Աննա Այվազյանն ասում է, որ պորտալարի  մնացորդը խնամելու առաջին կարևոր սկզբունքը մաքուր պահելն է: Անհրաժեշտ է խուսափել պորտալարի մնացորդին անպատեհ դիպչելուց, դրա հետ շփվելուց առաջ լվանալ ձեռքերն օճառով, պաշտպանել այն մեզից ու կղանքից, ապահովել մաքուր հագուստ։ Հաջորդ պարտադիր պայմանը չորությունն է։ Որևէ հատուկ նյութով, անտիսեպտիկով մշակելու անհրաժեշտություն չկա, պորտալարի մնացորդն օդի հետ շփվելիս չորանում է։ Երրորդ կանոնն  առնչվում է տվյալ հատվածը բաց պահելուն։ Տակդիրը պետք է հագցնել այնպես, որ այն պորտի մակարդակից ցածր լինի։ Հարկավոր չէ ծածկել պորտի հատվածը կպչուն սպեղանիով ու վիրակապով։

Քանի դեռ պորտալարի մնացորդն ընկած չէ, կարելի է լողացնել երեխային՝ աշխատելով զերծ պահել նշված հատվածը ջրից, օգտագործել փափուկ սպունգ, լոգանքն ավարտելուց հետո անմիջապես չորացնել մարմինը։ Հիշենք՝ պորտալարի մնացորդը սովորաբար ընկնում է առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում, որից հետո հնարավոր է՝ լինի շճային, քիչ քանակի արյունային արտադրություն։ Դա ընդհանուր առմամբ նորմալ է։ Մայրիկը պետք է դիմի բժշկի, երբ բալիկի պորտի շրջանում մաշկը կարմրած է, այտուցված, թարախակալված արյունահոսությունների ժամանակ։