Ինչպե՞ս կարող է հայրությունը փոխել տղամարդուն. մաս 2

Խնամք

Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։

Ինչպիսի՞ն կարող է լինել հայրիկը «գործողության» մեջ

 

Առհասարակ ծնողները երեխային տալիս են ապահովության զգացում, վստահություն, աշխարհի հանդեպ սեր: Անի Անպիտոնյանի պնդմամբ՝ հայրիկը դառնում է երեխայի դուռը դեպի տղամարդկանց աշխարհ: Դստեր համար նա դառնում է այն կերպարը, որի միջոցով աղջիկը կատարում է ընտրություն: Իսկ որդին տղամարդկանց միջավայրում դիրք գրավելու, շփում հաստատելու հարցում հիմնականում կիրառում է հորից վերցրած մոդելը։ «Հայրիկը կարող է և՛ խիստ լինել, և՛ մեղմ: Ավելի շատ տեսնում ենք, որ նրանք մեղմ են աղջիկների հանդեպ: Նրանց կամակորություններն ավելի շատ են հանդուրժում: Բայց սա նույնպես կախված է մոդելից, որն արդեն ձևավորվել է փոքր տարիքում՝ ինչպիսի ծնող պիտի դառնա ինքը: Իհարկե, փոքրիկ ունենալուց հետո էլ հայրիկի մոդելի մեջ կկատարվեն փոփոխություններ»,- ներկայացնում է նա:

Հավելում է՝ հաճախ մեղմ են լինում այն հայրիկները, որոնք փոքր տարիքում մտածել են՝ իրենք ավելի շատ զրկվել են, քան ունեցել ձեռքբերումներ: Օրինակ՝ մեկն ավելի շատ խաղալիքներ է ունեցել, քան ինքը: Ուստի ձգտում են կատարել երեխաների բոլոր ցանկությունները: Կարևոր է հոր կերպարի արտահայտումն ընտանիքում՝ արդյո՞ք այն բավարար չափով ընդգծված է, թե՞ բացակայում է: Ի՞նչ կարող է լինել երկրորդի դեպքում: Անի Ապիտոնյանն այս հարցին տալիս է հետևյալ պատասխանը. «Հայրիկի ընդգծված դերի բացակայության պարագայում երեխայի պատկերացումների ձևավորման մեջ լինում են խաթարումներ, բացթողումներ: Աղջիկները միգուցե այդպես էլ չկարողանան հասկանալ, թե ինչպիսին պիտի լինի հայրը: Կամ ամուսին ընտրելիս հոր կերպարին մոտ տղամարդու ընտրեն: Այնպիսին, որ միջանձնային հարաբերություններում հուզական շփումներ չի ունենում: Եվ շղթայական ձևով կշարունակվի ընտանիքում մնալ երեխա-հայր հարաբերությունների խնդիրը»:

Անի Ապիտոնյանը շեշտում է՝ կարող է նաև այնպես պատահել, որ աղջիկը չամուսնանա՝ բացասական ընկալելով հոր կերպարը: Ընտանիքները, որտեղ հոր դերն ընդգծված չէ, աղջիկները կարող են լինել կամակոր, ինքնասածի, ագրեսիվ, քանի որ այդ կերպ փորձում են կրկնակի պաշտպանություն ստեղծել իրենց համար: Ընթացքը տարբեր զարգացումներ կարող է ունենալ:

 

Շարունակելի։

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ