Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։
0-3 ամսական երեխայի լացը կարևոր նշանակություն ունի: Առաջին ամսում նա ուղղակի բարձրաձայն լացում է և արտաբերում կոկորդային կարճ հնչյուններ: Իսկ արդեն 2-րդ ամսական փոքրիկի ծնողը պետք է կարողանա տարբերակել երեխայի լացը։ Եկեք միասին ուղեցույց մշակենք, որով կառաջնորդվեք, երբ լսեք փոքրիկի լացը։
- Քաղցած ժամանակ երեխան լացում է առանձնահատուկ պահանջկոտ ձևով։
- Երբ երեխան իրեն միայնակ է զգում և ցանկանում է, որպեսզի ծնողը գրկի, լացը նմանվում է խնդրող, աղերսող լացի։
- Աղիքային ցավերի ժամանակ երեխայի լացն ավելի շատ բարձրացող տեմբրով է լինում, այսինքն՝ ոչ մի կերպ չի հանգստանում, անընդհատ ճչալով, սեղմած աչքերով լացում է, որն ավելի շատ նմանվում է գոռոցի:
- Այս տարիքին բնորոշ է նաև կոկորդային հնչյուններ արձակելը, երբ երեխան արտաբերում է տարբեր հնչյուններ, օրինակ՝ Ա, Է, Ու, Ը և այլն, ինչը չի կարելի խառնել լացի հետ։
Ինչպե՞ս զբաղեցնել այս տարիքի երեխային
Երեխային պետք է հաճախ մոտենալ. 20-30 սմ հեռավորությունից երեխան առավել լավ է ֆիքսում ծնողի դեմքը։ Օգտագործելով տարբեր միմիկաներ՝ երեխայի հետ խոսեք, ժպտացեք: Ժպիտը շատ արագ է ընդօրինակում երեխան: Ինչպես նաև հաճելի երաժշտություն միացրեք երեխայի համար, ցանկալի է դասական: Այդ երաժշտության ներքո երեխան հանգիստ կարող է և՛ քնել, և՛ ուտել:
Նյութը մշակեց Մոնիկա Մամյանը։