«Կարելի՞ է երեխային կաթնախառնուրդ տալ երկու ժամը մեկ»․ պատասխանում է մանկաբույժը

Հարց/Պատասխան

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Սոնա Եգանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին։

Անուն՝  Նանա

Հարց՝ Բարև Ձեզ: Բալիկս երեք ամսական է: Տևական ժամանակ է, ինչ ունի ոսկեգույն ստաֆիլոկոկային վարակ, ես՝ նույնպես: Բալիկիս դա չի անհանգստացնում, նրա քաշը նորմալ ավելանում է: Ինձ հուզող խնդիրն այն է, որ չեմ ուզում հանկարծ դադարեցնել կրծքի կաթով կերակրումը: Ի՞նչ տարբերակ կա:

Պատասխան՝ Կարելի է շարունակել ըստ պահանջի կրծքով կերակրել: 

 

Անուն՝ Անի

Հարց՝ Ի՞նչ անեմ, եթե փոքրիկս հաճախ՝ երկու ժամը մեկ կաթնախառնուրդ է ուզում ուտել: Որևէ խնդիր կարո՞ղ է ծագել դրա հետևանքով: Նշեմ, որ բալիկս 48 օրական է:

Պատասխան՝ Արհեստական կաթնախառնուրդով սովորաբար կերակրում են 3-4 ժամը մեկ, բայց երբեմն կերակրումը կարող է կազմակերպվել նաև ըստ պահանջի։ Պարզապես որոշ դետալների պետք է ուշադրություն դարձնեք։ Նախ՝ հնարավոր է, որ կաթնախառնուրդի քանակը քիչ է, ինչի պատճառով էլ փոքրիկը չի կշտանում և հաճախակի է ուտելու ցանկություն ցուցաբերում։ Այդ դեպքում կարելի է մի փոքր ավելացնել քանակը, փոքրիկը կկշտանա և հաջորդը կուզի շատ ավելի ուշ։ Մյուս կողմից՝ հաճախակի կերակրումն օպտիմալ չափաբաժնով թույլատրելի է, եթե երեխայի մոտ փսխման էպիզոդներ առկա չեն։ Հաշվի առնենք, որ հաճախ առաջարկելու արդյունքում կարող է նախորդ ընդունած չափաբաժինը լիովին մարսված չլինել, նոր չափաբաժինը միանա դրան ու բերի փսխման։ 

 

Անուն՝ Լիլի

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, ի՞նչ քսուք օգտագործել, եթե բալիկի մոտ առկա է դիաթեզ: Լսել եմ, որ «Տոպիկրեմ»-ը կիրառվողների ցանկում է։

Պատասխան՝ Այդ դեպքում կիրառվում են խոնավացնող քսուքներ, կոնկրետ տեսակը խորհուրդ է տրվում՝ ելնելով մաշկի վիճակից: