«Երեխային պատահմամբ ժամկետանց դեղ եմ տվել, հնարավո՞ր են վատ հետևանքներ»․ պատասխանում է մանկաբույժը

Հարց/Պատասխան

Մանկաբույժ Արփինե Հովակիմյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին։

 

Անուն՝ Ասյա

Հարց՝  Բարև Ձեզ։ Երեխաս հինգ ամսական է, գլուխն անընդհատ շարժում է, դա տևում է հիմնականում 2-5 րոպե։ Ինչի՞ հետ կապված կլինի։

Պատասխան՝ Նման հարցերը հստակեցման կարիք են ունենում։ Պետք է ուշադրություն դարձնեք` արդյո՞ք գլուխը շարժելու ժամանակ երեխան ֆիքսում է աչքերը մի կետի վրա, վերջույթների շարժում առկա՞ է: Եթե այո, անհրաժեշտ է մանկական նյարդաբանի խորհրդատվություն։

 

 

Անուն՝ Լեյլի

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, երեխաս 10 ամսական է։ Տաքություն ուներ, պետք է մոմիկ դնեի, բայց սխալմամբ ժամկետանց մոմիկ եմ դրել։ Հնարավո՞ր է, որ դա վնաս տա բալիկին։

Պատասխան՝ Այս պարագայում կարևոր է հաշվի առնել` ինչ դոզայով է կիրառվել, որքան է անցել ժամկետից: Բոլոր դեպքերում հետևեք երեխայի ինքնազգացողությանը:  Այդ մեկ անգամը դժվար թե վնասի երեխային, բայց եթե ընթացքում անսովոր դրսևորում նկատեք, կարող եք տանել բալիկին մանկաբույժի մոտ զննման:

 

  

Անուն՝ Աննա

Հարց՝ Ի՞նչ անել, եթե փոքրիկի մոտ հայտնաբերվել է ասկարիդ։

Պատասխան՝ Ասկարիդը ճիճվի տեսակ է, և երեխայի մոտ այն հայտնաբերելու դեպքում պետք է բուժում սկսել։ Դիմում եք տեղամասային մանկաբույժին,  ում կողմից կնշանակվի համապատասխան դեղորայք։