«Ամոթաշրթերս կախ են ընկնում, դա կարո՞ղ է խանգարել սեռական հարաբերությանը»․ պատասխանում է մասնագետը

Հարց/Պատասխան

Ընթերցողների հարցերին պատասխանում է «Աստղիկ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ, էսթետիկ գինեկոլոգիայի ծառայության ղեկավար Աննա Տողրամաջյանը։

Անուն՝ Արմինե

Հարց՝ Բարև Ձեզ։ Ես 29 տարեկան եմ, առաջին անգամ ծննդաբերել եմ 3 տարի առաջ։ 6 ամիս է՝ պլանավորում եմ երկրորդ հղիություն, բայց անարդյունք։ Դաշտանային ցիկլս նորմավորված է, շեղումներ չկան, հակաբեղմնավորիչ հաբեր երբևէ չեմ օգտագործել։ Վիժում, հղիության արհեստական ընդհատում նույնպես չեն եղել։ Արդյո՞ք կա հետազոտվելու կարիք, թե՞ ուղղակի պետք է սպասել։

Պատասխան՝ Նշված ժամկետը դեռևս անհանգստանալու առիթ չէ։ Անհրաժեշտ է ևս վեց ամիս ապրել կանոնավոր, անպաշտպան սեռական կյանքով։ Եթե դրանից հետո հղիություն չգրանցվի, արդեն հարկ կլինի դիմել բժշկի։    

 

Անուն՝ Աննա

Հարց՝ Բարև Ձեզ։ Խմել եմ «Դյուֆաստոն», բայց դաշտան չի եղել։ Նշեմ, որ հղի չեմ։ «Դյուֆաստոն»-ի հետ միաժամանակ խմել եմ «Ֆոլաթթու», «Կարդիոմագնիլ»։ Հնարավո՞ր է՝ մեկը մյուսի վրա ազդեցություն գործի ու դաշտան չլինի։

Պատասխան՝ Տվյալ դեղամիջոցներն իրար չեն հակասում, իսկ դաշտանը «Դյուֆաստոն»-ի ընդունման կուրսն անմիջապես ավարտելուց հետո կարող է չդիտվել, այլ մի փոքր ուշ՝ մոտակա 10 օրերի ընթացքում։

 

Անուն՝ Մերի

Հարց՝ Բարև Ձեզ։ Փոքր ամոթաշրթերս կախ են ընկնում։ Ի՞նչ անել, դա կարո՞ղ է խանգարել սեռական հարաբերության ընթացքում։ Հնարավո՞ր է՝ հետագայում մեծանան։ Կա՞ քսուք, որ կարելի է օգտագործել՝ հյուսվածքները վերականգնելու համար։

Պատասխան՝ Սեռական շրթերի կախվածությունը, մեծությունը կարող են խանգարել ինչպես սեռական կյանքին, այնպես էլ նեղ տաբատներ հագնելուն, սպորտով զբաղվելուն, հեծանիվ քշելուն։ Այսինքն՝ կնոջ մոտ կարող են առաջացնել դիսկոմֆորտ և կոմպլեքսներ։ Խնդիրը կարելի է լուծել մեկ օրում՝ վիրահատական միջամտության կիրառմամբ։ Քսուքներ, որպես այդպիսին, չկան։

 

Անուն՝ Անահիտ

Հարց՝ Բարև ձեզ։ Արդեն մեկ տարի է՝ ամուսնացած եմ, սական չեմ հղիանում։ Անցել եմ ֆոլիկուլոմետրիա, պարզվել է՝ ինձ մոտ ձվազատում տեղի չի ունենում։ Երկրորդ անգամ եմ անցել ֆոլիկուլոմետրիա, ձվազատման համար նշանակել են կլոմիֆեն։ Դաշտանի 7-րդ օրը ֆոլիկուլի չափսը 0.73 է եղել, սակայն դեռ երկու օրվա դեղ ունեի խմելու։ Ցանկանում եմ իմանալ՝ արդյո՞ք նորմալ է չափն այդ օրվա համար։ Կարո՞ղ է՝ երկու օրվա դեղի ազդեցությամբ մեծանար և ձվազատում լիներ։ Կանխավ շնորհակալություն։

Պատասխան՝ Եթե խանգարված է օվուլյացիոն պրոցեսը, նշանակում է՝ առկա է հորմոնալ դիսբալանս։ Դեղամիջոցները չի կարելի ընդունել առանց հորմոնալ համակարգի հետազոտման։ Հորմոնալ համակարգի հետազոտումը ճիշտ է կատարել դաշտանային ցիկլի 2-3-րդ օրը, պրոգեստերոնի որոշումը՝ 21-23-րդ օրը։ Միայն բոլոր հորմոնալ հետազոտութուններից հետո կարելի է ստանալ ձվազատման գրագետ խթանում։   

 

Անուն՝ Աննա

Հարց՝ Բարև ձեզ։ Հարգելի՛ բժիշկ, 8 շաբաթական հղի եմ, ինձ մոտ հայտնաբերվել են կանդիդա սնկեր։ Բժիշկս նշանակել է «Կլիոն-Դ», բայց տեղեկացա՝ մինչև հղիության 12-րդ շաբաթն այն չի կարելի։ Ի՞նչ խորհուրդ կտաք անել։

Պատասխան՝ «Կլիոն Դ»-ն մի փոքր հակացուցումներ ունի հղիության սկզբնական ժամկետներում։ Գոյություն ունեն այլ հակասնկային պրեպարատներ՝ կրեմների, մոմիկների տեսքով, որոնք առավել անվտանգ են համարվում հղիության առաջին եռամսյակում։ Ամեն դեպքում, միգուցե ունեք նաև այլ խնդիր, որի մասին տեղյակ է հղիությունը վարող բժիշկը։   

 

Անուն՝ Գայանե

Հարց՝ Հնարավո՞ր է, որ վերջին դաշտանից 40 օր հետո գրանցվի հաջորդ դաշտանը։ Դա նորմայի սահմաններու՞մ է, թե՞ խնդիր։

Պատասխան՝ Դաշտանային ցիկլը համարվում է նորմալ, եթե սկսվում է 21-35 օր ինտերվալով՝ հաշված դաշտանի առաջին օրվանից։ Եթե տվյալ ընթացքը հաճախակի է խախտվում, ապա դա խոսում է խնդրի առկայության մասին։ Պետք է հետազոտվել։