Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Ռուզաննա Ճզմաչյանի պատասխանները՝ «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Արմինե
Հարց: Բարև Ձեզ, մոտ 2 շաբաթ է, ինչ իմացել եմ, որ հղի եմ և հաճախակի ունենում եմ դաշտանի ցավեր, արդյո՞ք դա նորմալ է և վնաս չէ փոքրիկին, նախապես շնորհակալություն
Պատասխան: Ցավեր կարող են լինել, բայց ցանկալի է, որ գտնվեք գինեկոլոգի հսկողության տակ, որպեսզի հղիությունը չավարտվի վիժումով: Անպայման պետք է անցնել ուլտրաձայնային հետազոտություն՝ համոզվելու համար, որ հղիությունը արգանդի մեջ է զարգանում: Եթե, իհարկե, դեռևս չեք կատարել:
Հարց: Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք՝ արդյո՞ք առաջին 3-4 շաբաթական հղիության վիժումից հետո արգանդում առաջացած 3 սմ կիստան կանհետանա առանց բժշկական միջամտության և հետագայում խնդիրներ չի առաջացնի հղիանալու համար: Խնդրում եմ, պատասխանեք նաև այս հարցին, թե երբ կարող եմ նորից հղիանալ, և նորից վիժելու ռիսկը որքանով է մեծ: Նախապես շնորհակալություն։
Պատասխան: Կիստան չի կարող լինել արգանդի մեջ, երևի նկատի ունեք ձվարանների վրա: Եթե արդեն վիժում եք ունեցել, ապա շատ ցանկալի է հետազոտվեք, և դրանից հետո միայն պլանավորեք մյուս հղիությունը, որպեսզի վիժումը չկրկնվի:
Մարիամ
Հարց: Բարև Ձեզ, ունեմ մեկ երեխա, 2 տարուց ավելի պաշտպանվել եմ, արդեն 5 ամիս է՝ ուզում եմ 2-րդ բալիկն ունենամ, չեմ հղիանում, դաշտանս կանոնավոր է լինում: Շատ եմ անհանգստանում, հնարավո՞ր է, որ խնդիր ունեմ:
Պատասխան: Կարող եք դեռ մի քանի ամիս սպասել և հետո արդեն անցնել մի շարք հետազոտություններ՝ պարզելու համար չհղիանալու պատճառը:
Հասմիկ
Հարց: Հարգելի բժիշկ, ես արդեն 4 տարի է՝ ամուսնացած եմ և երեխա չունեմ, այցելել եմ բժշկի 2 տարի առաջ, պրոլակտինի մակարդակը եղել է 21,30мг/мл. այլ անալիզներ ևս տվել եմ, և խնդիր չի եղել, ցիկլս ոչ մի անգամ հետ չի ընկել`ամեն ամսվա նույն օրը։ Խնդրում եմ՝ ասեք` իմ նշած թիվը վտանգավո՞ր է, և կարո՞ղ է պատճառ լինել չբերության: Շնորհակալություն:
Պատասխան: Միանշանակ 21 պրոլակտինը չի կարող պատճառ լինել, կան մի շարք այլ պատճառներ, որոնց համար պետք է հետազոտվել: Կարող եք դիմել մեր կլինիկա և անցնել բոլոր հետազոտությունները՝ սկսած ամուսնու սերմի անալիզից, վերջացած համատեղելիության թեստով, արգանդի փողերի ստուգումով և այլն:
Նելլի
Հարց: Բարև ձեզ, ես 22 տարեկան եմ, ամուսնացած չեմ, ցիկլի խանգարում ունեմ. 2 ամիս չեմ հիվանդանում, 3-րդում նոր հիվանդանում եմ: Գնացել եմ հետազոտության, ասել են, որ պրոլակտինս բարձր է, Դոստինեքս են նշանակել, դրանից հետո կարգավորվել էր, բայց նորից խանգարվեց: Ուզում եմ իմանալ` հնարավո՞ր է հետագայում չբերության պատճառ դառնա և կարո՞ղ եմ առանց հետազոտվելու նորից խմել:
Պատասխան: Հիպերպրոլակտիներիան կարող է դառնալ անպտղության պատճառ, եթե չստանաք համապատասխան բուժում: Պետք է գտնեք Դոստինեքսի` Ձեզ համար օպտիմալ դոզան, որը Դուք պետք է երկար օգտագործեք: Ամեն ամիս հարկավոր է պրոլոկտինի անալիզը վերահանձնել, դա համարվում է պարտադիր:
Հարց: Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ ինձ խորհուրդ տվեք. ամուսնացած եմ արդեն 1 տարի և 3 ամիս: Այցելել ենք գինեկոլոգի, ստացել ենք բուժումներ՝ բորբոքումների, ուրիոպլազմայի, միկոպլազմայի, ցիտոմեգալովիրուսի դեմ: Բուժվելուց հետո սեռական հարաբերությունների ժամանակ ցավեր եմ ունենում: Խորհուրդ տվեք` ի՞նչ անեմ:
Պատասխան: Շատ լավ է, որ ստացել եք բուժումներ, սակայն դա շատ քիչ է անպտղության դեպքում: Հարկավոր է անցնել մի շարք հատուկ հետազոտություններ, որոնց միջոցով կարելի է պարզել անպտղության պատճառը: Ինֆեկցիաները չեն հանդիսանում անպտղության պատճառ, հատկապես նրանք, որոնք նշել եք: