․․․ Փակված դարպասները լա՜յն կբացեմ,
Հայ զավակներին միշտ տուն կկանչեմ։
Նենգադավ վերցրած հողերը հայրենի,
Ես հետ կբերեմ, հա՛յր իմ սիրելի։
Առյուծիդ ոգին մեզ ես փոխանցել
Ու անմահության գիրկը սլացել,
Շիրիմիդ առաջ երդում եմ տվել՝
Հայրենի հողը երբեք չլքել․․․
Ազգասիրության ոգով շնչող այս տողերի հեղինակը 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանի որդին է՝ Ալենը։ Նա իր մայրիկի՝ Աննայի հետ նոյեմբերի 21-ին ներկա էր «Հանուն հավերժության» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպել էր «Ժեստ» հոգեբանական կենտրոնը։ Անդրանիկ Մանուկյանը մեկն էր 30 հերոսներից, որի մասին խոսվեց միջոցառման ընթացքում։ Վազգեն Գալստյան, Խաչատուր Բալասանյան, Տիգրան Շահբարյան, Դավիթ Ղազարյան, Ջոն Հունանյան, Վահե Ղահրամանյան․․․ Ցավոք, անունները շատ են։
«Թեև «Հանուն հավերժության» ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի դեկտեմբերի 27-ին, և սա արդեն երրորդ հանդիպումն է տվյալ նախագծի շրջանակում, միևնույն է, դժվար է խոսելը։ Աշխատանքը, որ կատարել ենք Արցախյան երկրորդ պատերազմում զոհված մեր հերոս տղաների հարազատների օգնությամբ, մնայուն արժեք է։ Վերցնելով բիբլիոթերապիայի տեխնիկան՝ ընտանիքի հետ ստեղծել ենք կենսագրական գիրք։ Գիրք, որտեղ հերոսի մանկությունն է, հայացքներն ու կարգախոսը, անցած ուղին, խիզախությունը պատկերող դրվագները։ Տվյալ աշխատանքները լույս են արձակում և չեն մարի երբեք՝ շնորհիվ նրա, որ գրվել են մոր ու հոր ձեռքերով։ Այնտեղ են բոլորի հիշողությունները՝ սկսած մանկապարտեզի ուսուցչից ու դպրոցի դասվարից»,- նշեց «Ժեստ» հոգեբանական կենտրոնի տնօրեն, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Մեհրաբյանը։
Նա կարևորեց հատկապես այն փաստը, որ հավաքված մարդիկ՝ տղաների մտերիմները, քույրերը և եղբայրները, երեխաներն ու ընկերները, առիթ ունեն ծանոթանալու, ջերմ հարաբերություններ հաստատելու և մեկ ընտանիք դառնալու։ «Սահմանից զանգ տալիս ասում էին՝ «լավ է ամեն ինչ, չմտածեք հանկարծ»։ Հավատացե՛ք, որ նրանք դա զգացել են և դարձել այն ուժը, որը դրդում է ապրել ու ստեղծագործել։ Այժմ հարկավոր է լինել հպարտ և ուժեղ, ամենից էականը՝ միասին»,- ընդգծեց հոգեբանը և ավելացրեց՝ նախագիծը կլինի դեռ այնքան ժամանակ, որքան կաշխատեն ընտանիքները։
Շնորհանդես-միջոցառմանը հրավիրված էին սպորտի, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, որոնք ևս հանդես եկան խոսքով ու անձամբ հանձնեցին գրքերն ընտանիքներին։
Մարիամ Մեհրաբյանն «Իմ փոքրիկ»-ի հետ զրույցում շեշտեց, որ երբեմն ծնողը բալիկին ճշմարտությունը չի ասում, ինչը սխալ է։ Անհրաժեշտ է անկեղծ լինել, համապատասխան տարբերակ գտնել ու պատմել՝ ուր է գնացել քեռին, որտեղ է հայրիկը, ինչ է կատարվում առհասարակ։ Մեր երկիրը շրջապատված է թշնամիներով, ուստի երեխայի մեջ պետք է բարձրացնել հայրենասիրական ոգին, առաջնորդել հստակ գաղափարախոսությամբ և սովորեցնել գրագիտություն բոլոր առումներով, ներդնել «Մայրս սկսվում է սահմանից» գաղափարը։ Հարկ է հիշել, որ միայն սիրո ու բարության գործիքով երեխային պայքարել չենք սովորեցնի, իսկ տեղեկատվությունն աղավաղելով չենք կարողանա հասնել արդյունքի։
«Շատ ենք կարդացել Նժդեհի, Անդրանիկի մասին։ Եվ, իհարկե, հիանալի է այն միտքը, որ նորօրյա հերոսների վերաբերյալ այս հերոսապատումներն էլ տեղ գտնեն դպրոցներում։ Դա իրականանալի է և օրինակ կդառնա երեխաների համար։ Եզակի օրինակ, քանի որ հերոսական ուղին համեմատությունների մեջ դրվել չի կարող։ Այն բնության օրենքներին համահունչ և, միևնույն ժամանակ, դեմ գնացող երևույթ է։ Հերոսականությունը, կարծես, մահվանն ընդառաջ գնալն է, իսկ մահվան վախը շատերին է զրկում կյանքի որակից»,- հավելեց Մարիամ Մեհրաբյանը՝ նշելով, որ թիմակից հոգեբանների հետ միշտ ընտանիքներին հիշեցնում է, թե որքա՜ն գիտակցված են գործել տղաները մարտի դաշտում։
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան