Պատերազմն ու երեխան․ ի՞նչ պետք է իմանան ծնողները

Փոքրիկիս հայրենիքը

Պատերազմը, լինելով խաղաղության հակառակ կողմում, առաջին հերթին խաթարում է անձի հոգեկան կայունությունը: Առավելապես այս օրերին ծնողները բախվում են երեխաներին «պատերազմ» երևույթն ու դրա վտանգները բացատրելու մարտահրավերին:

Երեխայի մոտ կարող են ծագել բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է հնչեն հենց ծնողների կողմից: Չնայած նման քննարկումներ անցկացնելու հստակ, ճշգրիտ եղանակ գոյություն չունի, այնուամենայնիվ կան որոշ կանոններ, որոնց հետևելը միանշանակ օգտակար կլինի: Հետևաբար «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ:

 

Զրույց երեխայի հետ պատերազմի մասին. ինչի՞ց սկսել:

 Երեխաների հետ պատերազմի թեման շոշափելիս էական է հաշվի առնել տարիքը, սակայն պատերազմական իրավիճակում բարդ է դրա վրա կենտրոնանալը։ Նրանց պատերազմի էության մասին կարելի է ներկայացնել «Սասնա ծռեր» էպոսը պատմելով, որի ժամանակ շատ հարցեր են բարձրացվում և սպառվում։ Ծնողը կարող է օգտագործել փոխաբերությունների տվյալ մեթոդը, քանի որ փոքրիկներն այն համեմատաբար հեշտ են ընկալում և համադրում իրականության հետ։

Դպրոցահասակ երեխայի հետ՝ սկսած 5-րդ դասարանից, առավել դյուրին կլինի մտնել երկխոսության մեջ, քանի որ նա արդեն ունի դասագրքերից, հայ ժողովրդի պատմություն առարկայից ստացած գիտելիքներ:

 

Ինչպե՞ս երեխային մատուցել ռազմական թեմայով տեղեկատվությունը, օրինակ՝ բացատրել, որ հայրը կամ մեկ այլ հարազատ մեկնում է ռազմադաշտ:

Երբ երկիրը գտնվում է բարդ իրավիճակում, և երեխան ակամայից տարատեսակ տեղեկատվություն է ստանում, հարկավոր են պարզաբանումներ: Այլապես անորոշությունն առավել կմեծացնի տագնապը, քան մեծահասակի հետ տեղեկատվության փոխանակումը։

Հայրիկի, հարազատի մարտադաշտ մեկնելու մասին ինֆորմացիան կարելի է նուրբ ձևով հաղորդել։ Մայրիկը կարող է ասել՝ չափազանց կարևոր է երկրի պաշտպանությունը, որն իրականացնում են սահմանին կանգնած հայրիկներն ու եղբայրները: Դե իսկ մենք էլ այստեղ պետք է մեր առաջադրանքները լավագույն կերպով իրականացնենք։ Հավելում ենք՝ դու դասերդ լավ սովորիր, ես էլ գործերս կկատարեմ նույն ոգով: Սա էլ է պաշտանության ու հզորացման էական նախապայման:

 

Ինչպիսի՞ն պիտի լինի ծնողի արձագանքը երեխայի մտահոգություններին:

Ամենակարևորը՝ երեխայի մտահոգությունները լսելն ու քննարկելն է։ Երեխան կարող է զգալ ծնողի անհանգստությունը, սակայն միևնույն ժամանակ կզգա նաև նրա հավատը, որ ամեն ինչ լավ է լինելու։ Փոքրիկի հետ կարելի է ունենալ խոսակցություն, ներկայացնել սեփական կարծիքը, սակայն առաջնային է սուր հուզական ապրումներն ի ցույց դնելուց խուսափելը։

 

Իսկ ի՞նչ անի ծնողը, որպեսզի իր անհանգստությունը չփոխանցի փոքրիկին:

Հարկավոր է, որ հաջողության, հաղթանակի նկատմամբ համոզմունքը նախևառաջ ծնողն իր մոտ ձևավորի, ուշադրություն դարձնի իր առօրյա անելիքներին, փորձի պարբերաբար փոխել տեղեկատվության հոսքը՝ ֆիլմեր դիտի, երաժշտություն լսի, երեխայի հետ ժամանակ անցկացնի՝ տարբեր գործեր նախաձեռնելով:

 

Հնարավոր է՝ երեխան համացանցում դաժան տեսարաններով լուսանկարներ նկատի։ Ինչպե՞ս վարվել այդ դեպքում։

Դրանից խուսափելու համար պետք է սահմանափակել երեխայի մուտքը համացանց: Բացասական բնույթի նկարներ տեսնելու դեպքում կարելի է նրան ասել, որ դրանք հիմնականում ֆոտոշոփի օգնությամբ են արված։ Սա սկզբում անհրաժեշտ է՝ նրան մեծ չափաբաժնով բացասական ինֆորմացիայից հեռու պահելու համար: Արդյունավետ կլինի մեդիագրագիտություն ուսուցանող տեսանյութեր դիտել դպրոցահասակ երեխաների հետ և քննարկումը տեղափոխել այդ դաշտ։

 

Ինչպե՞ս վարվել, երբ փոքրիկի մոտ նկատվում են վախեր: Որո՞նք են վախի հաղթահարման տարբերակներն այս իրավիճակում:

Երեխան բարդ իրավիճակում կարող է ունենալ վախեր՝ անհանգստության զգացումից մինչև տագնապ։ Այս ամենի մեջ կարևոր դեր ունեն մեծահասակներն իրենց մոտեցումներով։ Եթե մեծահասակի մոտ առկա է տագնապ, ապա նրա խոսքում, գործողության մեջ այն հաստատ դրսևորվում է։ Ուստի նա իր հուզական ոլորտը կարգավորելու համար կարող է կիրառել վերը նշածս տարբերակը՝ նախ սեփական մտքում զարգացնել հավատը դրականի նկատմամբ:

Հաջորդ քայլը խոսելն է երեխայի հետ, որպեսզի նա պատմի իր վախերի մասին, կարողանա արտահայտվել։ Գլխավորը՝ լսված լինելն է մեծահասակի կողմից, առանց ընդհատելու:

Վախը հաղթահարելու այլ տարբերակներ են մուլտֆիլմեր ու ֆիլմեր դիտելը, հեքիաթներ կարդալը քաջության մասին։ Խնդիրը չհաղթահարելու դեպքում պետք է դիմել մասնագետի։

 

Ի՞նչ կարող է ասել ծնողը երեխային, որը կլինի և՛ հուսադրող, և՛ ոգևորիչ:

Կա՛նք, պիտի՛ լինենք ու դեռ շատանա՛նք՝ ոգով է հարկավոր խոսել ու ապրել օրը։ Երեխան ընդօրինակում է այդ վարքագիծը։

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան