1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»:
Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: Հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց` անկախության ուղին: Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչև անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի14-ին: Ապա 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը. «Իմ Փոքրիկը» շնորհավորում է բոլորին Անկախության տոնի առթիվ ու մաղթում, որ բոլոր հայ փոքրիկները լույս աշխարհ գան անկախ, հզոր, զարգացած, ապահով, ջերմ ու հեռանկարային երկրում։ Եվ որպեսզի այդպիսին լինի բոլոր փոքրիկների ապագան, այսօր պետք է իրենց ներդրումն ունենան նրանց ծնողները՝ պայքարելով, չվհատվելով ու պատասխանատվության մեծ զգացումով։