«Իմ փոքրիկ»-ի հավատարիմ ընթերցող մայրիկ ու հայրիկ, տատիկ ու պապիկ, վստահ ենք, որ ձեր փոքրիկներին ու թոռնիկներին այսօր պատմել եք, 1991թ․-ի այս օրը, հունվարի 28-ին, մեր հայրենիքը սկսեց կազմավորել մեր խիզախ բանակը:Այն բանակը, որում ծառայելու է նաեւ ձեր զինվոր-զինվոր խաղացող փոքրիկը:
Չի բացառվում, իհարկե, որ երբեւեէ մտածել եք` «այնպես եմ անելու, որ որդիս չծառայի»: Բանակային կյանքը դժվար է, երբեմն ծանր ու հազվադեպ էլ՝ ճակատագրական: Բայց նախ եկեք մի քանի բան պատկերացնենք: Կա՞, արդյոք, մանկապարտեզ, որտեղ բոլոր մանուկները միայն խաղում եւ երբեք չեն ծեծում միմյանց, կա՞, արդյոք, շենք, որտեղ բոլոր հարեւանները հաշտ են, կա՞, արդյոք, աշխատավայր, որտեղ բոլորը սիրում են միմյանց…Եթե կասեք` այո, ապա իրավունք ունեք` մտածելու, որ այսօրվա բանակը վտանգավոր է: Բայց եղեք անկեղծ ինքներդ ձեզ հետ:
Հիշեք նաեւ բոլոր այն մայրիկների արցունքները, որոնք թափվել են զոհված որդիների համար: Այն որդիների, որոնք ձեր փոքրիկին պատերազմը անցյալում թողած երկիր են ժառանգել: Արցախյան ազատամարտում զոհված տղաներից մեկի մայրը մի առիթով ասել էր` «եթե իմանայի, որ այսպիսի զավակ կծնեմ, կունենայի մի քանիսին»:
Շատ որդիներ լույս աշխարհ բերեք, ծնվածին էլ փոխանցեք քաջ տղաների հայրենասիրությունը եւ դաստիարակեք այնպես, որ վաղը նա դառնա հայրենիքի սահմանները անառիկ պահող, ծառայակցին հարգող, հրամանատարին ենթարկվող զինծառայող:
Հիշե՛ք, մայրիկնե՛ր ու հայրիկնե՛ր, ձեզնից է կախված ապագայի առողջ բանակը, քանի որ վաղվա բարեխիղճ ու ազգանվեր հրամանատարն այսօրվա զինվոր-զինվոր խաղացողն է:
Մանկական խիզախությամբ՝ «ԻՄ ՓՈՔՐԻԿ»