Յուրաքանչյուր կին ցանկանում է լինել նորաձև և յուրօրինակ, իսկ դրա համար այսօր շատերը ցանկանում ու նախընտրում են կրել ձեռագործ իրեր՝ պայուսակ, զարդեր։ Հենց այդ նպատակով դիզայներ Լյուսի Պողոսյանը ստեղծեց «For me» աքսեսուարների բրենդը, որի հավաքածուներում յուրաքանչյուր կին կարող է գտնել յուրօրինակ, նորաձև ու չկրկնվող զարդեր և պայուսակներ։
Լյուսին «Իմ փոքրիկ»-ին պատմել է բրենդի ստեղծման և ապրանքատեսականու մասին։
- Ինչպե՞ս առաջացավ «For me» բրենդը ստեղծելու գաղափարը։
- Բրենդի գաղափարը, որպես այդպիսին, առաջացել է 2011 թվականին, երբ ստեղծեցի կանանց համար նախատեսված ձեռագործ զարդեր: Հետագայում զարդերը փոփոխության ենթարկվեցին․ 2018 թ․-ից սկսած՝ շուկայում ներկայանում եմ կաշվով և ձեռագործ ծաղիկներով պատրաստաված կրծքազարդերով: Նշեմ, որ զարդերը պատրաստելիս օգտագործվում է բնական և արհեստական կաշի, թավիշ, արծաթ, բյուրեղ, ապակի և այլ նյութեր։ Իսկ ապրանքատեսականին ներկայացված է ոչ միայն տեղական շուկայում, այլև արտերկրում՝ ԱՄՆ, Շվեյցարիա:
Ինչ վերաբերում է անվանը, «For me» թանգմանաբար նշանակում է «Ինձ համար»։ For Me աքսեսուարները ստեղծվում են հենց այդ ոգով՝ դուք տեսնում եք ու ասում` «Այո՛, սա ինձ համար է»։
Տարբերանշանը, ինչպես նկատել եք, ֆլամինգո է, իսկ սլացիկ պարանոցով ֆլամինգոն համարվում է աշխարհի ամենագեղեցիկ թռչուններից մեկը։ Ի դեպ, մի հետաքրքիր պատմություն կա․ պարզվում է՝ 1950-ականներին ֆլամինգոներն իրենց չուի ժամանակ հանգստացել են Գեղարքունիքի մարզում գտնվող գետերից մեկի ափերին: Այդպիսի դրվագ կարելի է տեսնել «Тайна горного озера» ֆիլմում:
- Ձեր ապրանքատեսականին ներառում է կրծքազարդեր և պայուսակներ․ ո՞ր տարիքի կանայք են ձեր հաճախորդները։
- Կրծքազարդերից ծաղկայինները վինտաժային ոճի են, և պարզվում է, որ դրանք դուր են գալիս ավելի մեծ տարիքի կանանց, որոնք դրանց միջոցով, կարծես, հիշում են իրենց երիտասարդ տարիները: Այնուամենայնիվ, հիմնական կրողները տարբերվել ցանկացող երիտասարդ աղջիկներն են:
Բյուրեղներով և ապակիններով կրծքազարդերը, շնորհիվ իրենց ժամանակակից տեսքի, հմայում են հատկապես երիտասարդներին:
Cross Bag տեսակի պայուսակները թրենդային են, գունագեղ և տարբերվող. սրանք ևս կրում են երիտասարդները:
- Ինչպե՞ս է ծնվում նոր զարդ կամ պայուսակ ստեղծելու գաղափարը։ Շեշտը դնում եք հաճախորդի ճաշակի՞ վրա, թե՞ Ձեր ոճն եք թելադրում։
- Գաղափարը մեծապես կախված է տվյալ ժամանակի նորաձևության միտումներից: Իհարկե, բրենդը թելադրում է իր ճաշակը, սակայն հաշվի եմ առնում այն կրողի նախասիրությունները:
Զարդը կամ պայուսակը պատրաստելիս հիմնական շեշտը դնում եմ գեղեցիկի, կանացիության և յուօրինակության վրա:
Աշխատանքներից շատերը չեն կրկնվում, այսինքն՝ այն կրողն արդեն գիտի, որ իր զարդից երկրորդը չկա։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր աքսեսուար պետք է գտնի իր տիրոջը:
- Ի՞նչ նոր գաղափարներ կան, ի՞նչ սպասեն Ձեր զարդերի սիրահարներն առաջիկայում։
- Գաղափարները շատ են և ծնվում են ամեն օր: Դեռևս անակնկալ թող մնա, սակայն փոքր հուշում անեմ՝ շուտով «For me»-ն կներկայացնի տղամարդկանց համար նախատեսված շարք։
- Հավանաբար մեր ընթերցողներից շատերը հիմա փնտրում են «For me» բրենդը համացանցում, առաջարկում եմ հուշել՝ ինչպե՞ս և որտեղից ձեռք բերել Ձեր ապրանքանիշի իրերը։
- «For me»-ն հասանելի է «Nuar multibrand», «Made Fashion Corner» խանութներում, Bambak.shop և miraycollections.am օնլայն հարթակներում, ինչպես նաև «For me»-ն կարող եք գտնել ֆեյսբուքում և ինստագրամում։ Սիրով սպասում եմ մեր նորաձև հաճախորդներին։
Հեղինակ՝ Մոնիկա Մամյան