Որքա՞ն գումար է անհրաժեշտ ծնողներին երեխային դպրոց ճանապարհելու համար

Փոքրիկիս դպրոցը

Հռիփսիմեն խնամքով դասավորում է դստեր զգեստները և սրտատրոփ սպասում ուսումնական տարվա մեկնարկին։ Իր միակ երեխան գնալու է առաջին դասարան։

Ծնողների համար սա մեծագույն ուրախություն էր և միաժամանակ հաշվարկներ անելու առիթ։ Հռիփսիմեն ի սկզբանե գումարի հստակ չափ չէր նախատեսել, որի շրջանակում պետք է կատարվեին գնումները։ Պարզապես երեխայի հետ գնացել է առևտի կենտրոն և փորձել լավագույնն ընտրել՝ առաջնորդվելով փոքրիկի կարծիքով, որպեսզի վերջինս սովորի իր կամքն ու անկախությունը դրսևորել։ Գրենական պիտույքները գնելու համար ծախսել է 15․000 դրամ, ընտրել է երկու կիսաշրջազգեստ 11․000 և 17․500 դրամ արժողությամբ, երկու վերնաշապիկի համար էլ վճարել 28․000 դրամ։ Աշխատել է նրա համար գտնել յուրահատուկ նոթատետրեր, տառերը սովորելու համար նախատեսված հատուկ աշխատանքային, խոսքի զարգացմանը նպաստող տետրեր, որոնց գները սովորականից բարձր են եղել։ Գնումները դեռ չի ավարտել։

Ակնհայտ է՝ փոքրիկի հագուստի գինն ընդհանրապես չի զիջում մեծահասակների հագուստի արժեքին։ Մանավանդ օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում որոշ տեղերում արհեստականորեն բարձրացնում են գները՝ օգտվելով այն իրադրությունից, որ շատ ծնողներ գնումները հետաձգում են։ Հռիփսիմեն ընդգծում է, որ ընթացքում առանձնապես ուշադրություն չի դարձրել գներին, ուստի թանկացում էլ չի նկատել։

Հասմիկը, որի աղջիկը փոխադրվել է 7-րդ դասարան, 2000-3000 դրամի ավելացում է ֆիքսել կոնկրետ պայուսակների գների մեջ։ Աղջկա համար հագուստ վերցնելիս տեղավորվել է  30.000 դրամի սահմաններում՝ գնելով սպիտակ կարճաթև ու երկարաթև վերնաշապիկներ, ջինսե սարաֆան, կիսաշրջազգեստ, առօրյա և սպորտային կոշիկներ, դպրոցական պայուսակ։ Շեշտում է՝ ընտրել է ոչ բրենդային, մատչելի, բայց որակյալ հագուստ։ «7-րդ դասարանում ավելանում են քիմիա, ֆիզիկա, հանրահաշիվ ու երկրաչափություն առարկաները, և հետաքրքիր էր գրախանութում գտնել այդ առարկաների համար նախատեսված տետրեր` բանաձևերով և յուրացումը հեշտացնող նշումներով։ Դրանց գինը եղել է փոքր-ինչ բարձր, մյուս հաստ տեսակները` 100-400 դրամի միջակայքում: Օրագիր չենք գնել, քանի որ իմաստ չկա, գնահատականներն էլեկտրոնային մատյանում միանգամից տեսնում ենք»,- նշում է նա։ Հասմիկը հավելում է՝ գրենական պիտույքների վրա ծախսել է մոտ 10․000-15.000 դրամ, դպրոցական դասագրքերի վարձույթն էլ կազմել է 6800 դրամ։

Իսկ ահա Արմինեն, որն իր կրտսեր որդուն տանում է առաջին դասարան, իսկ ավագին՝ 12-րդ, գնային փոփոխություններ նկատել է ամենուրեք։ «Ամեն ինչն էլ թանկացել է։ Նույնիսկ հասարակ գծագրական մատիտը, որն ընդամենը 40 դրամ արժեր, դարձել է 70 դրամ։ Գրենական պիտույքներ չեմ գնել։ Դրանք միշտ վերցնում եմ սեպտեմբերին, սպասում եմ դասերը սկսվեն, հստակ իմանանք՝ ինչ է անհրաժեշտ»,- ասում է նա։ Երեխաների համար շատ ապրանքներ չի գնել, ծախսված գումարը կազմել է մոտավորապես 100․000 դրամ։ Իմիջիայլոց, հագուստ ավելի վաղ է գնել, մի մասն էլ պատվիրել է օնլայն եղանակով։

Տարբեր ծնողներ զանազան թվեր են նշում․ այսպիսով, մեկն իր առաջին դասարան գնացող երեխայի համար ծախսել է ընդհուպ 200․000 դրամ, երկրորդը՝ 40․000-70․000 դրամ, երրորդը՝ չորս երեխաներին դպրոց ուղարկելու համար 150․000-200․000 դրամ, չորրորդը՝ կարել է տվել երեխայի հագուստը 3800 դրամով, հինգերորդն էլ՝ զեղչերով գնումներ կատարել։

Շրջելով տարբեր վաճառակետերում և գրախանութներում, ուսումնասիրելով ապրանքների գները՝  նկատում ենք, որ ծախսվող գումարի չափը միանշանակ կախված է հանգամանքներից, թե որտեղ են կատարվում գնումները, ինչին են նախապատվություն տալիս ծնողները, համազգեստ գնելու կարիք կա, թե ոչ, երեխան դպրոցում ազատ ոճի հագուստ է կրելու, թե սև ու սպիտակ, ինչպիսին է ընտանիքի ֆինանսական վիճակը և այլն։ Հագուստի գները տատանվում են․

 

Վերնաշապիկ

3000-35․000 դրամ

Տաբատ

5000-20․000 դրամ

Կոստյում

15․000-55․000 դրամ

Կոշիկ

6000-20․000 դրամ

Սարաֆան

6000-12․000 դրամ

Շրջազգեստ

4000-20․000 դրամ

Գլխարկ

1500-4000 դրամ

Սպորտային շապիկ

3000-8000 դրամ

 

Տղա երեխայի համար ամեն ինչի նորը գնելու դեպքում կկազմենք տաբատ, վերնաշապիկ, սպորտային հագուստ, կոշիկներ, աղջկա դեպքում նաև շրջազգեստ ներառող ցուցակ, ինչի համար նվազագույնը կպահանջվի 30․000-40․000 դրամ։ Գրենական պիտույքների ցուցակը, որն ընդգրկում  է բարակ և հաստ տետրեր, ալբոմ, գունավոր մատիտներ, գրիչներ, ռետին, մկրատ, գունավոր թղթեր, քանոն, սոսինձ, թղթապանակ, գրչատուփ, միջինում կկազմի  7․000-10․000 դրամ։ Այսինքն՝ ծնողները պետք է ձեռքի տակ ունենան նվազագույնը 40․000-50․000 դրամ՝ երեխային դպրոց ճանապարհելու համար։ Իհարկե, կարևոր է՝ երեխան որ դասարանում է սովորում և ինչ պահանջներ են ներկայացվում դպրոցից, ինչին համապատասխան գումարի չափը փոփոխվում է։