Եթե ցանկանում եք, որ Ձեր երեխան հաճախի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, սակայն չգիտեք՝ ինչպես պետք է գրանցել նրան ընդունելության համար, ապա այս հոդվածը Ձեզ համար է։
«Թումո» ընդունվելու ընթացակարգի, անհրաժեշտ փաստաթղթերի մասին «Իմ Փոքրիկ»-ը զրուցել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Ինֆորմացիոն վահանակի և գրանցման բաժնի կորդինատոր Էլլա Գիլոյանի հետ։
«Թումո» ընդունվելու միակ նախապայմանը տարիքն է։ Եթե ձեր երեխան 12 տարեկան է կամ դեռևս չի լրացել նրա 19 տարեկանը, ապա կարող եք դիմել ընդունելության համար։ Գրանցման համար կա հատուկ ընթացակարգ։ Այն կատարվում է երկու փուլով: Նախևառաջ պետք է հերթագրել երեխային: Որոշ ժամանակ անց (միջինը 2 ամսվա ընթացքում) երեխայի ծնողները ստանում են Թումոյի կողմից հաղորդագրություն, որտեղ նշված է լինում երեխայի գրանցման օրն ու ժամը: Նշված օրը՝ նշված ժամին, երեխան պետք է ներկայանա ծնողի հետ, որպեսզի կատարվի վերջնական գրանցում:
Գրանցման համար անհրաժեշտ է 2 փաստաթուղթ՝
- երեխայի ծննդյան վկայականը
- ծնողի անձնագիրը։
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ուսումնական ընթացքը բաղկացած է երեք մակարդակից՝
- Առաջին մակարդակն ինքնուսուցման մակարդակն է: Երեխաները ծանոթանում են Թումոյի առաջարկած բոլոր 14 ոլորտներին:
- Երկրորդ մակարդակում սանն ընտրում է 6 ոլորտ, որոնք նա ցանկանում է ավելի խորացված ուսումնասիրել և որոնցում ցանկանում է գործնական գիտելիքներ ստանալ:
- Երրորդ մակարդակը հատուկ դասընթացների մակարդակն է, երբ երեխաները մասնակցում են արտասահմանյան հայտնի մասնագետների կողմից կազմակերպված ծրագրերին:
Ուսուցման առաջին մակարդակում երեխան հաճախում է շաբաթական մեկ անգամ, երկրորդ մակարդակում՝ շաբաթական երկու անգամ: Իսկ արդեն երրորդ մակադակում գրաֆիկը ճկուն է՝ կախված ինչ ծրագրի է մասնակցում և ինչ ժամկետներում:
Հիշեցնենք, որ Թումոյում աշակերտների ուսումն անվճար է:
Հեղինակ՝ Մոնիկա Մամյան