Արի խաղանք, հայրի՛կ. խաղեր հայրիկի և փոքրիկի համար - մաս 2

Փոքրիկիս հայրիկը

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ։

Աստղալից երկինք

Փոքրիկին պատմեք աստղերի և համաստեղությունների մասին, երեկոյան երկինքն ուսումնասիրեք,  հետո փորձեք միասին աստղեր, երկնաքարեր  և համաստեղություններ նկարել, իսկ հետո չմոռանաք անվանակոչել դրանց:

Խաղը զարգացնում է փոքրիկի ստեղծագործական ունակությունները, երևակայությունը և մանր մոտորիկան:

Ով է առաջինը

Այս խաղի համար պիտանի է ցանկացած առիթ. ով առաջինը կուտի ապուրը, կգտնի գնդակը, կհավաքի խաղալիքները և այլն: Բայց հիշեք, որ փոքրիկը միշտ  պետք է լինի այս խաղի հաղթողը:

Զարգացնում է տրամաբանությունը, կոորդինացիան և այլ ունակությունները, կախված խաղի բնույթից:

Գնդակ-գնդակ

Գնդակով խաղալ սիրում են բոլոր փոքրիկները: Բայց այն կարելի է բազմազան դարձնել, օրինակ՝ գնդակը միմյանց գլորելով փոքրիկին արդեն ծանոթ երևույթներ կամ առարկաներ անվանեք, նույնը և փոքրիկը պետք է անի ի պատասխան,  օրինակ՝ մրգերի անվանումներ, կենդանիների անվանումներ, քաղաքներ: Խաղի բարդությունը կախված է երեխայի տարիքից և բառապաշարից:

Այս խաղը զարգացում է  երևակայությունը, մանր մոտորիկան, շարժումների կոորդինացիան և ճկունությունը:

Գանձեր որոնողները

Եթե փոքրիկի համար գնել եք խաղալիքը, որի մասին նա երազում էր, այն մանկիկին հանձնելու հետաքրքիր ձև մտածեք: Օրինակ, փոքրիկին ասեք, որ  տանը  գանձ կա, որը պետք է գտնեք: Միասին սկսեք փնտրտուքները: Մանկիկին պատմեք պատմություններ գանձ որոնողների մասին: Որպես պարգև որոնումների համար փոքրիկը կստանա տուփ՝ վրան գանձ գրությամբ, որի մեջ էլ, իհարկե, խաղալիքն է, որ գնել եք փոքրիկի համար:

Խաղը զարգացնում է երևակայությունը, տրամաբանությունը, որևէ իրավիճակից ելք գտնելու ունակությունը:

Մանկիկի հետ խաղերը հատուկ գիտելիքներ կամ հմտություններ չեն պահանջում: Պարզապես պետք է ցանկություն ունենաք ձեր մանկիկի հետ ժամանակ անցկացնել: