Երիտասարդ մայրերը կարող են մասնագիտական կրթություն ստանալ և վճարվել դրա դիմաց. ծրագրի մանրամասները

Փոքրիկիս օրենքները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում վերջերս անդրադարձավ այն մայրերին, որոնք դպրոցն ավարտելուց հետո մասնագիտական կրթություն չեն ստացել: Ըստ փոխնախարարի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս դեպքում տալիս է մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն:

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության Դավթաշենի զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Ասոյանի հետ՝ պարզելու ծրագրի մանրամասները:

 

Ովքեր կարող են դիմել ծրագրին

Ծրագրին կարող են դիմել մինչև 30 տարեկանը լրացած, երեխա ունեցող մայրերը, որոնք չունեն կրթություն և աշխատանքային փորձ: Դասընթացները կազմակերպվում են 1-6 ամիս տևողությամբ: Այս ժամանակահատվածում անցկացվում է ուսուցում, որպեսզի դիմող մայրը աշխատաշուկայում լինի մրցունակ: Ծրագրին դիմելիս առաջահերթությունը տրվում է 3 և ավել երեխա ունեցողներին , միայնակ մայրերին, ընտանեկան նպաստների համակարգում հաշվառվածներին:

 

Որքա՞ն է տևում ծրագիրը

 

Ծրագրի առավելագույն տևողությունը 6 ամիս է: 1-6 ամիսը, սակայն, հստակ սահմանված ժամանակահատված չէ: Եղել են նաև մայրեր, որոնք կարողացել են ծրագիրը սերտել 3 ամսվա ընթացքում: Մինչև ծրագիրը սկսելը Գործակալության աշխատակիցները զրուցում են դիմող կնոջ հետ, փորձում հասկանալ նրա ընդունակությունները, ցանկությունները և խորհրդատուի օգնությամբ ուղղորդում նրան ընտրել որևէ մասնագիտություն:

 

Դիմելու ընթացակարգը\

Մայրիկը պետք է դիմի իր տարածքի վարչական շրջանի Զբաղվածության կենտրոն:

Դիմելիս անպայման պետք է ներկայացնել.

  • անձնագիր,
  • սոցիալական քարտ,
  • երեխայի ծննդականի վկայական:

 

Եթե մայրիկն ընտրվել է 

Կնոջ հետ կնքվում է եռակողմ պայմանագիր, որի երրորդ կողմը անհատ ձեռներեցն է կամ գորածատուն: Մայրիկին ներկայացվում է ծրագիրը, այսինքն՝ ինչ մասնագիտություն կարող է ընտրել: Ծրագրի մեջ ներառված են՝  վարսահարդարում, կարուձևի դասընթացներ, հրուշակագործություն, խոհարարություն, դիմահարդարում, մատնահարդարում:

 

Ի՞նչ հնարավորություններ են տրվում կնոջը

Դասընթացի ընթացքում մայրիկին տրվում է 55 հազար դրամ, որը նա կարող է ուղղել երեխայի խնամքի ապահովման վրա, որ ոչինչ չխոչընդոտի դասընթացների մասնակցությանը: Ծրագրի շրջանակում ուսուցանող կազմակերպությանը, մասնագետին ևս տրվում է գումար՝ուսուցման ընթացքում օգտագործվող նյութերի գնման համար:

Ծրագիրն ավարտելուց հետո տրվում է վկայական, որով մայրիկը կկարողանա անցնել աշխատանքի: 

Ուսուցման ավարտից հետո «ՍՈՍ Մանկական գյուղեր» ՀԲՀ-Ի կողմից 2 և ավել անչափահաս երեխա ունեցող մայրերին տրամադրում են աշխատանքի համար անհրաժեշտ գործիքներ:

 

 

                                                                                      Հեղինակ՝ Ստելլա Պետրոսյան