Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու կարգն ու կանոնը

Փոքրիկիս օրենքները

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են ՀՀ-ում բնակության վայրի հասցեով:

Երեխայից հրաժարվելու, երեխային բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) տեղավորելու, երեխայի որդեգրվելու կամ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում երեխայի ծնողը կորցնում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը:

 

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը

 

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է նոր ծնված երեխայի հերթական կարգաթվով՝ հաշվի առնելով նոր ծնված երեխայի ծնողների մյուս երեխաների թիվը:

 

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի`

 

ա. 1-ին երեխայի ծնվելու դեպքում` 50 հազար դրամ,

բ. 2-րդ երեխայի ծնվելու դեպքում` 50 հազար դրամ,

գ. 3-րդ երեխայի ծնվելու դեպքում` 1 միլիոն դրամ,

դ. 4-րդ երեխայի ծնվելու դեպքում` 1 միլիոն դրամ,

ե. 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 միլիոն 5 հարյուր հազար դրամ։

  

Միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով։ Օրինակ՝  ընտանիքում արդեն կա մեկ երեխա, ծնվում են զույգ երեխաներ։ Պետությունը երկրորդ երեխայի համար սահմանում է 50 հազար դրամ միանվագ վճար, երրորդ երեխայի համար՝ 1 մլն դրամ, այս պարագայում, երբ ընտանիքում արդեն կա մեկ երեխա և ծնվել են զույգ երեխաներ, ծնողին նոր ծնված երեխաներից յուրաքանչյուր համար նշանակվում է  նպաստ` 1 մլն. դրամ. միասին` 2 մլն.։

 

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:

 

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար տարածքային կենտրոն պետք է ներկայացնել դիմում, որը տրվում է տեղում, և անհրաժեշտ փաստաթղթերը (փաստաթղթերի ցանկը կարող է փոփոխվել՝ կախված երեխաների թվից ): Ընդ որում, դիմումը կարելի է ներկայացնել նաև առցանց` e-pension. am կայքէջի միջոցով: Առցանց ներկայացված դիմումերին փաստաթուղթ չի կցվում: Առցանց եղանակով նպաստ չի նշանակվում, եթե`

 

  1. նպաստը նշանակվում է օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ծնողին,
  2. նոր ծնված երեխայի կամ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը,
  3. նոր ծնված երեխան մահացել է պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել։

 

Այս ամենից հետո տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել երեխայի ծննդյան միանվագ նպաստ կամ մերժել նպաստի նշանակումը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը: 

Տարածքային կենտրոնը մերժում է նպաստ նշանակելը, եթե նոր ծնված երեխայի ծնողը չունի երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք, կամ դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները):

 

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում նոր ծնված երեխայի, նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաներին՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու կամ այդ երեխաների՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու, այլ անձի կողմից որդեգրվելու դեպքում վճարված նպաստը ենթակա է բռնագանձման նպաստը ստացողից։

Երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում (եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխայի համար սահմանված չափով) երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը վճարվում է բանկում նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին մուտքագրելու միջոցով: