Հղիության ընթացքում կարելի՞ է դիետա պահել, սուշի ու կծու կերակուր ուտել․ 5 հարց ու պատասխան հղիության մասին

Հղիություն

«Իմ փոքրիկ»-ն առանձնացրել է հղիներին հուզող մի շարք հարցեր, որոնց պատասխանել է Աստղիկ բժշկական կենտրոնի գինեկոլոգ Իննա Փերսոյանը:

Հղիության ընթացքում կարելի՞ է դիետա պահել:


Հունարենից դիետա բառը թարգմանաբար նշանակում է ապրելակերպ, սննդային ռեժիմ կամ սննդի սպառման համար սահմանված կանոնակարգ։ Ըստ այս սահմանման՝ բոլորը պետք է հետևեն դիետայի։ Այնուամենայնիվ, եթե վերցնենք այն իմաստը, որով մենք սովոր ենք հասկանալ դիետա բառը, կարող եմ ասել, որ հղիների սնունդը պետք է լինի հավասարակշռված, պարունակի սպիտակուցներ, ածխաջրեր և ճարպեր, ինչպես նաև հագեցած լինի վիտամիններով և հանքանյութերով: Հղի կնոջ քաշի ավելացումը կարող է առաջ բերել մի շարք հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, արյան բարձր ճնշումը և այլն։ Հետևաբար, մենք՝ բժիշկներս, հղիների համար սահմանում ենք քաշի նվազման համար դիետա, իսկ այլ դեպքերում կարող եք ուտել ձեր նախընտրած ուտելիքը։


Հակացուցվա՞ծ է արդյոք սուշին հղիության ընթացքում և եթե այո, ապա ինչու՞:

Հաշվի առնելով, որ սուշին ենթադրում է հում ձուկ, ես խորհուրդ չէի տա ուտել։


Իսկ, առհասարակ, ծովամթե՞րք կարելի է:


Չեմ կարող որևէ վատ բան ասել ծովամթերքի մյուս տեսակների մասին, որոնք ենթարկվում են ջերմային մշակման: Ընդհակառակը՝ հղի կանայք պետք է ուտեն ձուկ և ծովամթերք:

 

Կծու, թթու, աղի, համեմունքներով հարուստ կերակրատեսակներ կարելի՞ է:


Եթե խոսենք թթու և կծու կերակուրների մասին, կարող եմ ասել, որ եթե առողջ եք և սնունդը լավ եք մարսում, ուրեմն՝ հանգիստ կերեք։


Քաղցրավենիք կարելի՞ է, ի՞նչ տեսակի և ի՞նչ հաճախականությամբ:

 

Ցանկացած տեսակի քաղցրավենիք թույլատրելի է, բայց սահմանափակ։

Հրուշակեղենի օգտագործումը պետք է լինի խիստ սահմանափակ, որովհետև դրանք շատ հաճախ պարունակում են հավելումներ։

Ընդհանուր առմամբ, քաղցրավենիքի օգտագործումը խաթարում է ինսուլինի արտադրությունը: Բացի այդ, դրանք վնասակար են ատամների համար: Քաղցրավենիքը փոխարինեք չորացրած և թարմ մրգերով: 

 

 

Շարունակելի

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան