Ի՞նչ պետք է իմանա հղիությանը պատրաստվող կինը ատամների խնամքի մասին և  անհարմար իրավիճակում ինչո՞վ կարող է փոխարինել մածուկը  

Հղիություն

 

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում մի շարք փոփոխություններ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ նրա առողջական վիճակի վրա։


«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիա Վարդանյանի  խոսքով՝ հղիության 18-20-րդ  շաբաթներում,  երբ զարգանում է պտղի ոսկրային համակարգը, նրան կալցիումի մեծ պաշար է անհրաժեշտ։ Պահանջվող քանակությամբ կալցիումը պտուղը ստանում է մայրական օրգանիզմից։ Դրա հետևանքով ապագա մայրիկի մոտ կարող են առաջանալ առողջական որոշակի խնդիրներ՝ շերտավորվում են եղունգները, ոտքերի շրջանում առաջանում են  ջղաձգումներ, քայքայվում են ատամները։

Հղիության ժամանակ ատամների առողջությունը պահպանելու, դրանց խնամքը  ճիշտ կազմակերպելու մասին խորհուրդներ է տալիս ատամնաբույժ Հակոբ Գևորգյանը։

 

Ատամները պետք է բուժել մինչև  հղիությունը։

Հղիության առաջին եռամսյակում կնոջը խորհուրդ չի տրվում այցելել ատամնաբույժի պլանային որևէ խնդրի դեպքում։ Եթե կինը ցանկանում է հղիանալ, նախընտրելի է դրանից առաջ ատամների հետ կապված բոլոր խնդիրները լուծել, քանի որ հղիության ընթացքում կալցիումի կորուստը կարող է  նոր սկսվող հիվանդությունների խորացման հանգեցնել։

Ինչպես ցանկացած հիվանդության պարագայում, այս դեպքում ևս ավելի հեշտ է կանխարգելելը, քան բուժելը։ Բայց եթե, այնուամենայնիվ, հղիության ժամանակ կինը ատամների հետ կապված խնդիր ունի՝ օրինակ սուր բորբոքային երևույթներ կան,  անկախ նրանից, թե հղիության որ փուլն է, պետք է անպայման դիմել մասնագետի ու ստանալ համապատասխան բուժօգնություն։ Քանի որ հիվանդությանն ուղեկցող ցավը կարող է ավելի վտանգավոր լինել՝ հանգեցնելով անգամ վաղաժամ ծննդաբերության։

 

Խորհուրդ չեմ տա սպասել։

Հայտնի չէ, թե այդ սպասելը ինչի կբերի, օրինակ՝ եթե կնոջ մոտ կա պուլպիտ, չբուժելու դեպքում այն կարող է դառնալ պերեդոնտիտ, հետո էլ՝ աբսցես (թարախային բորբոքում), ու դա արդեն կարող է վտանգավոր լինել կյանքի համար։

Տեսականորեն ասում են, որ առաջին եռամսյակում որևէ միջամտություն անել չի կարելի,  բայց եթե նմանատիպ խնդիրներ կան, պետք է սովորական անզգայացում անել ու կատարել համապատասխան միջամտություն։

 

Հղիներին չի կարելի օգտագործել մկնդեղ։

Հիմա մկնդեղն ու դրան փոխարինող որոշ միջոցներ գործածությունից աստիճանաբար դուրս են գալիս։ Դրանք սովորաբար օգտագործում են նյարդը մեռուկացնելու նպատակով, ու արդեն անզգայացման կարիք չի լինում։ Բայց ես հղիներին խորհուրդ չեմ տա օգտագործել այդ միջոցները, քանի որ դրանք թունավոր նյութեր են։ Այս դեպքում ավելի լավ է անզգայացում կատարել։

Երրորդ եռամսյակից հետո կինը հանգիստ, առանց վախենալու կարող է դիմել ատամնաբույժի՝ ցանկացած միջամտության համար։ Մինչև երրորդ եռամսյակը միջամտությունը ցանկալի չէ, քանի որ կա տեսակետ, որ այս ժամանակահատվածում կատարված միջամտությունները կարող են խախտել պտղի բնականոն զարգացումը՝ ներարգանդային կյանքում արդեն առաջացնելով դեֆեկտներ։

 

Առողջ ատամներ ունենալու համար պետք է ընդունել ճիշտ սնունդ։

Հատկապես հղի կանայք պետք է շատ օգտագործեն հում բանջարեղեն ու մրգեր, կալցիում պարունակող մթերքներ։ Չի կարելի օգտագործել մեծ քանակությամբ քաղցրավենիք։  Իհարկե քաղցր սննդամթերքից ամբողջությամբ  հրաժարվել չի լինի, բայց  քաղցրը Ձեզ համար չպետք է դառնա միակ սնունդը, օրինակ՝ ընդմիջման ժամանակ  միայն քաղցրավենիք օգտագործել չի կարելի, դրա հետ պետք է նաև ատամների ինքնամաքրմանը նպաստող սնունդ ուտել, օրինակ՝ որևէ միրգ։

 

Ատամների առաղջությունը պահպանելու լավագույն տարբերակը դրանց ճիշտ խնամքն է ։

Հղիության ընթացքում առավել քան կարևոր է ատամների հիգիենան։ Ատամները պետք է լվանալ օրը երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան։ Առավոտյան ատամները լվանում ենք ուտելուց մոտ կես ժամ հետո։ Քանի որ հատկապես աշխատող հղիները այս կանոնին հաճախ չեն կարողանում հետևել, ես խորհուրդ եմ տալիս օտագործել կա՛մ մաստակ, կա՛մ մրգեր, որոնք կնպաստեն ատամների ինքնամաքրմանը։ Իսկ երեկոյան ատամները պետք  է պարտադիր լավ մաքրել ու առանց որևէ բան ուտելու պառկել քնելու։

Ատամները ուտելուց անմիջապես հետո լվանալ չի կարելի, քանի որ ուտելուց հետո բերանի խոռոչում թթվայնությունը մեծանում է։  Իսկ մաքրելու ժամանակ մենք հեռացնում ենք ատամների վրա եղած պաշտպանիչ թաղանթը, ինչի հետևանքով ատամը մնում է անպաշտպան, ու կալցիումը սկսում է լուծվել՝ հանգեցնելով կարիեսի առաջացման։

 

Ընտրում ենք ճիշտ մածուկ ու խոզանակ։

Ատամի մածուկ ընտրելիս հղիներին խորհուրդ կտամ նախապատվությունը տալ համային այնպիսի մածուկների, որոնք նրանց առավել դուր կգան։ Իսկ ա՛յ խոզանակի ընտրությանը պետք է առավել ուշադիր լինել։

Պետք է ընտրել միջին չորության խոզանակ։ Եթե ատամները մաքրելուց հետո դիտվում է լնդերի արյունահոսություն (դա կարող է առաջանալ սովորական ատամնաքարից), այս դեպքում օգտագործում ենք փափուկ խոզանակ։ Եթե ընտրել եք միջին չորության խոզանակ և նկատում եք, որ այն այդքան էլ հարմար չէ, կարող եք եռացնել այն, ինչի արդյունքում բավականին կփափկի։ Խոզանակն անպայման պետք է երեք ամիսը մեկ անգամ փոխել։

Հեղինակ՝ Արփինե Մուրադյան