Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք բացասական ազդեցություն կարող են թողնել նրա ատամների վրա:
Ինչպե՞ս է պետք խնամել ատամները հղիության ընթացքում, արդյո՞ք կարելի է անզգայացում կատարել հղի կնոջ ատամները բուժելիս և ո՞ր ժամկետում ատամնաբուժական ինչպիսի միջամտություն կարելի է իրականացնել, պարզեցինք բժիշկ-ստոմատոլոգ Եղիշե Դերմենջյանից:
«Շատ կարևոր է, որ հղիները մինչև մայրանալու որոշում կայացնելը ստուգեն իրենց ատամների առողջությունը և հարկ եղած դեպքում բուժեն, քանի որ հղիության ընթացքում անզգայացնել պարզապես չի կարելի: Իհարկե, կան, այսպես կոչված, «մաքուր» դեղեր, որոնք ատամնաբույժները ստիպված կարող են կիրառել էքստրեմալ իրավիճակներում, սակայն նախընտրելի է դրանք ևս կիրառել հղիության երկրորդ եռամսյակում, իսկ առաջին եռամսյակում անզգայացնել չի կարելի: Եթե առաջին եռամսյակում ծայրահեղ իրավիճակ է լինում, ստիպված անզգայացում կատարվում է, բայց դա կարող է պտղի վրա բացասական ազդեցություն թողնել»,- ասում է ատամնաբույժը:
Դերմենջյանը նշում է, որ ազգայացնող դեղորայքի մեջ կա բավականին մեծ քանակութամբ ադրենալին, որը կարող է սպազմ առաջացնել և նպաստել վաղաժամ ծննդաբերությանըէ:
Ատամնաբույժի հավաստմամբ՝ երկրորդ եռամսյակում անհրաժեշտւթյան դեպքում հնարավոր են փոքր միջամտություններ «մաքուր» դեղերով։ Պարզապես նման դեղամիջոցներն ավելի քիչ են անզգայացնում, հետևաբար ցավն ավելի զգալի է։ Նա նշում է, որ ցավային շեմը հղի կնոջ մոտ ամենաբարձրը երրորդ եռամսյակում է, ուստի հենց այդ պատճառով երրորդ եռամսյակում ատամնաբուժական միջամտություն իրականացնել խորհուրդ չի տրվում:
Ըստ ատամնաբույժի՝ հղիությունից հետո ատամների կալցիումը դուրս է գալիս մոր կաթի հետ, և ատամները թուլանում են: Նա շեշտում է, որ լակտացիայի ժամանակ առավելևս չի կարելի անզգայացնել։ Սակայն եթե նման միջամտության կարիք է առաջացել, հարկավոր է կթել կաթը, քանի որ սրսկումից միայն 8 ժամ հետո երեխան կարող է նորից մայրական կաթ ուտել:
Բժիշկ-գինեկոլոգ Աննա Խաչիկյանը ևս կարծում է, որ հղիության ընթացքում ատամների հետ կապված միջամտությունները այդքան էլ ցանկալի չեն:
«Ատամների խնամքը նախընտրելի է սկսել նախքան հղիությունը։ Եթե ատամների հետ կապված խնդիրները ծագում են հղիության ընթացքում, անհրաժեշտ է դիմել ատամնաբույժի։ Սակայն մինչև հղիության 13-րդ շաբաթը ատամի հեռացումը կամ անզգայացումը անցանկալի են»,- ասում է գինեկոլոգը:
Հղիությունից առաջ, հետո և առհասարակ բոլորին մասնագետները խորհուրդ են տալիս 6 ամիսը մեկ այցելել ատամնաբույժի, որպեսզի հետագայում խուսափեն ավելորդ խնդիրներից:
Նելլի Խաչատրյան