Ինչպե՞ս է նյարդային համակարգի հիվանդությունը բերում սեռական խանգարման

Սեռական կյանք

Ներկայացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:

 Նյարդայային համակարգի տարբեր հիվանդություններ կարող են ուղիղ ազդեցություն ունենալ սեռական համակարգի աշխատանքի վրա: Այդ շարքում առաջինը բազմակի սկլերոզն է: Բազմակի սկլերոզը հիվանդություն է, որի ժամանակ վնասվում է կենտրոնական նյարդային համակարգը (ներառյալ գլխուղեղը և ողնուղեղը): Ընթացքում մարդու իմուն համակարգը նյարդային բջիջների միելինային պաշտպանիչ թաղանթի նկատմամբ ագրեսիվ գրոհում է ու վնասում այդ թաղանթը: Որպես կանոն, երբ առկա է սեքսուալ ստիմուլ, այն հաղորդվում է կենտրոնական նյարդային համակարգ (գլխուղեղ կամ ողնուղեղ), ապա այնտեղից խթանող ազդակներ են փոխանցվում սեռական օրգաններ, որոնք ապահովում են տղամարդկաց մոտ էրեկցիա, կանանց մոտ՝ լյուբրիկացիա: Բազմակի սկլերոզի ժամանակ խաթարվում է տվյալ մեխանիզմը: Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ նվազում է սեռական ցանկությունը, առաջ է գալիս օրգազմի հասնելու դժվարություններ, իջնում է սեռական օրգանների ընկալիչների զգայնությունը: Տղամարդիկ ունենում են խնդիրներ էրեկցիայի հասնելու կամ պահպանելու առումով, արձանագրվում է էրեկտիլ դիսֆունկցիա, երբեմն դիտվում է սեմնաժայթքման ուշացում կան անկարողություն: Կանանց մոտ հաճախ առաջ եկող սեքսուալ խանգարումը անբավարար լյուբրիկացիան է, այն հարաբերությունները դարձնում է ցավոտ և դիսկոմֆորտ է առաջացնում:

Դրանից բացի կան նաև այլ պատճառներ. այս խնդիրն ունեցողները հաճախ ունենում են ընկճվածություն, մկանային սպազմ, միզարձակումը ղեկավարելու հետ կապված խնդիրներ, դեպրեսիա, անվստահություն սեփական ուժերի հանդեպ, հիվանդությունով պայմանավորված սթրեսներ, տագնապ, ինչը որոշակիորեն դժվարացնում է նրանց սեռական կյանքը և միջանձնային զուգընկերային հարաբերությունները:

Քանի որ հիմնական հիվանդությունը ուղեկցում է մարդուն ամբողջ կյանքի ընթացքում, սեքսուալ խանգարումների կանխարգելումը և ապա նաև բուժումը պետք է կրի հետևողական բնույթ: