Որո՞նք են սեռական ֆունկցիայի դրսևորման գարնանային առանձնահատկությունները

Սեռական կյանք

Ներկայացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:

Գարնանը մեր օրգանիզմն արթնանում է ձմեռային որոշակի պասիվ վիճակից։ Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները, գույներն ու ջերմությունը սկսում են ազդել բիոռիթմերի վրա։ Հորմոնալ համակարգն իր հերթին ենթարկվում է բիոռիթմերի ազդեցությանը, և նկատելիորեն ակտիվանում է սեռական հորմոնների սինթեզը։ Այդ սինթեզն առավելապես կախված է օրվա լուսավոր ժամերի տևողությունից և ինտենսիվորեն ընթանում է առավոտյան վաղ ժամերին։ Սեռական հոմոնների քանակը խթանում է սեռական ֆունկցիան ու ողջ վերարտադրողական համակարգի աշխատանքը։ Սակայն, միևնույն ժամանակ, կարող են արձանագրվել մի շարք հիվանդությունների սրացում։ Դրանք կարող են առնչվել թե՛ սեռական, թե՛ այլ օրգան-համակարգերին՝ սրտանոթային, նյարդային։ Տղամարդկանց մոտ հաճախ նկատվում են ուռուցքային պրոցեսներ, էրեկցիայի  ու սերմնաժայթքման խանգարումներ, իսկ կանանց մոտ՝ սեռական ցանկության նվազում, որը մեծ կապ ունի դեպրեսիվ դրսևորումների հետ։ Կանանց սեռական ֆունկցիան ավելի շատ է ենթարկվում հոգեէմոցիանալ, ուղեղային գործոններին՝ ի տարբերություն տղամարդկանց, որոնց մոտ դա հիմնականում սոմատիկ բնույթ  է կրում։

Խորհուրդ է տրվում գարնանն ուշադիր լինել օրգանիզմի նկատմամբ, կատարել վիտամինային բալանսի կարգավորում և միկրոէլեմենտների լրացում։ Օրգանիզմը ձմեռային միատեսակ սննդից անցնում է զանազան սննդի, ինչի պատճառով կարող է առաջանալ վիտամինային անբավարարություն (կարևոր են համարվում մասնավորապես A, E, D վիտամինները)։ Անհրաժեշտ է բարձրացնել նաև ֆիզիկական պատրաստվածության մակարդակը և դրսում հաճախ զբոսնել, վայելել եղանակն ու ստանալ դրական լիցքեր։ 

 

Աղբյուրը՝ «Առողջ ապրելակերպ» հաղորդաշար