Ներկայացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:
Սեռական վախերը կարող են հանդիպել և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ, ու դրանց ծագման մեջ մեծ դեր ունեն սեռակրթության բացակայությունը կամ աղավաղումները: Այս վախերը դեռահասի ներաշխարհում որոշակի հետք են թողնում՝ առաջացնելով կաշկանդվածություն և դրանցից բխող այլ հետևանքներ:
Արական սեռի սեքսուալ վախերը բացահայտելու նպատակով կատարվել են հստակ սեքսոլոգիական հետազոտություններ: Մասնագետները հարցում են անցկացրել 25-45 տարեկան ավելի քան 1000 տղամարդու շրջանում ու պարզել, որ հարցվածներից ոմանք վախենում են զուկընկերուհու անցանկալի հղիությունից, որոշները խոստովանել են՝ վախենում են կույսի հետ սեքսից, քանի որ դա որոշակի պատասխանատվություն է ենթադրում: 34%-ը վախենում է, թե զուգընկերուհին իրեն կհամեմատի իր նախկին տղամարդկանց հետ, իսկ գրեթե կեսին անհանգստացնում է այն միտքը, որ կարող է զուգընկերուհուն ցավ պատճառել: Անկողնում սեփական անկարողությունից վախենում է 40%-ը:
Իգական սեռի մոտ ավելի հաճախ հանդիպող խնդիրներից է կոիտոֆոբիան, որը սեռական հարաբերությունից իռացիոնալ վախն է: Նման խանգարմամբ անհատները կարող են նախաձեռնել ռոմանտիկ հարաբերություններ, համբուրել ու գրկել տղամարդկանց, սակայն մեծ երկյուղ ունեն սեռական հարաբերություններից: Եթե զույգը ցանկանում է ունենալ ներդաշնակ և երջանիկ հարաբերություներ, ապա անհրաժեշտ է իրականացնել սեքսուալ վախերի կանխարգելում և բուժում: