Սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության բաղկացուցիչ մասն է, և սեռապես առողջ անհատն է ունակ վարելու լիարժեք ու ներդաշնակ սեռական կյանք:
Ծխախոտամոլությունը, ալկոհոլամոլությունը, թմրանյութերը խիստ բացասական ազդեցություն են գործում սեռական առողջության վրա: «Մեկ գլանակ ծխախոտի դեպքում սեռական օրգանների անոթները 30 րոպե սեղմվում են և արյան շրջանառությունը վատանում է, որը լուրջ խնդիր է ինչպես սեքսուալ առումով, անպես էլ ազդում է վերարտադրողական առողջության վրա: Ալկոհոլի ամենօրյա չարաշահումը ևս առաջ է բերում ռեպրոդուկտիվ խնդիրներ, հանգեցնում արական սեռական հորմոնի նվազմանը, կանանց մոտ պատճառ դառնում դաշտանային խանգարումների, առաջացնում ցանկության նվազում և այլն»,- բացատրում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:
Առողջ ապրելակերպին հետևելը պարտադիր է: Դա ենթադրում է ճիշտ ու առողջ սննդակարգ՝ միկրոտարրերով և վիտամիններով հարուստ, ճարպոտ սննդի կրճատում, չափավորում: Պետք է այնպես անել, որ ճարպակալում ու ավելորդ քաշ չառաջանա: Նստակյաց կյանքից ևս պետք է խուսափել: Հենց այս կենսակերպն է, որ կարող է ապահովել նորմալ սեռական կյանքի հնարավորությունը: Հիշենք նաև, որ առողջ երեխա ունենալու նախապայմաններից մեկն էլ պլանավորումից առաջ բացարձակապես առողջ կենսակերպի անցումն է: Իմիջայլոց, ավագ տարիքում վերականգնման պրոցեսն ավելի դժվար է տեղի ունենում, քան երիտասարդ տարիքում: Հետևաբար պետք չէ կորցնել երիտասարդ տարիքում առողջ լինելու հնարավորությունը: