Ինքնազգացողության վատացում սեքսից հետո․ ի՞նչ է հետօրգազմիկ հիվանդությունը

Սեռական կյանք

Ներկայացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:

Հետ-օրգազմիկ հիվանդությունը քիչ հանդիպող վիճակ է, երբ որոշ մարդիկ սեռական ակտիվությունից հետո (հարաբերություն կամ մաստուրբացիա) ունենում են հարբուխանման սիմպտոմներ, ինքնազգացողության այլ խանգարումներ՝ հոգնածություն, թուլություն, գլխացավ, ջերմություն, տեսողական խանգարումներ, ջերմահորդանք, աչքերի մրմռոց և  արցունքահոսություն, քթի փակվածություն, մկանային կծկանքներ ու ցավեր, հավասարակշռության խաթարում: Վատթարացումը կարող է ի հայտ գալ օրգազմից մի քանի րոպե կամ մի քանի ժամ հետո: Սովորաբար այդ սիմպտոմները տևում են մեկ շաբաթ, ինչը բավականաչափ անհանգստություն է պատճառում նրանց: Հաճախ դա կարող է հանգեցնել սեռական ակտիվությունից հրաժարվելուն:

Տվյալ սինդրոմը կարող է լինել առաջնային կամ երկրորդային: Առաջնայինի ժամանակ սիմպտոմները դրսևորվում են սեռական կյանքը սկսելու հենց սկզբից, երկրորդայինի պարագայում՝ ավելի ավագ տարիքում, որոշ ժամանակ սեռական կյանք վարելուց հետո: Ենթադրվում է, որ խնդիրները կապված են օրգանիզմում ալերգիկ, աուտոիմուն խանգարումների, գլխուղեղում քիմիական բալանսի խախտման հետ:

Բուժման սպեցիֆիկ մեթոդներ չկան, սակայն սիմպտոմները կոմպենսացնում են՝ կիրառելով անտիհիստամինային, սերոտոնինի հետադարձ կլանումը կանխող պրեպարատներ, բենզոդիազեպինային շարքի դեղեր և այլն: Հետօրգազմիկ սինդրոմ ունեցող պացիենտներն անպայման պետք է դիմեն բժշկական օգնության, հետազոտվեն և իրականացնեն բուժում՝ սեռական առողջությունը վերականգնելու համար: