Ներկայացնում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբանի Անի Ապիտոնյանը:
«Մեր հարաբերությունները նկարագրելիս, ցավոք, պետք է օգտագործեմ «առաջ» և «հետո» բառերը: Ես գաղափար չունեմ՝ որ կետը դարձավ այս բաժանար գծի առաջացման պատճառ: Բայց հստակ է մեկ բան․ առաջ զուգընկերոջս աչքերում կրակ կար ու խանդավառություն, այժմ ամենը մարել է»:
Քիչ չեն կանայք ու տղամարդիկ, որոնք անձնական հարաբերություններում բախվում են նմանատիպ խնդրի և սխալմամբ կարծում, թե փոփոխությունների պատճառն անհայտ է: Ընդհակառակը՝ պատճառն ակնհայտ է, պարզապես անձը կա՛մ չի ցանկանում ընդունել իրականությունը, կա՛մ ուշադրություն չի դարձնում «մանրուքներին»՝ բացթողնելով կարևորը: Շատերի համար «մանրուք» համարվողներն այն փոքրիկ դետալներն են, որոնք վճռորոշ դերակատարում են ունենում սիրո հետագա ճիշտ զարգացման մեջ: Փոխադարձ հարգանք, վստահություն և քնքշանք, համբերատարություն, հոգ տանելու ու դժվար պահերին միմյանց կողքին գտնվելու ցանկություն, իրար առաջ մղելու մոտիվ․ առաջնահերթ հենց այս ամենը պետք է լինի առողջ հարաբերություններում: Մարդն, իհարկե, կարող է ապրել տարբեր հակադիր զգացմունքներ՝ ցանկանալ կողակցին ու, միևնույն ժամանակ, չցանկանալ, սիրել և ատել: Դա կախված է նրանից, թե ինչ է տեղի ունեցել ընթացքում, արդյոք տրավմատիկ իրադարձություններ գրանցվել են: Որպեսզի հասկանալի լինի՝ կին-տղամարդ հարաբերություններում առկա սերն ինչպիսի դրսևորումներ ունի և ինչ տրանսֆորմացիաների է ենթարկվում, հարկավոր է հստակեցնել նրանց սպասելիքները, պարզել՝ ինչքանով են դրանք արդարացված և որքանով է հնարավոր իրականացնելը, անհրաժեշտ է առանձնացնել մանկությունից եկած պատկերացումները: Գուցե որոշ մարդիկ կասկածանքով ընդունեն, սակայն սիրո մասին պատկերացումներն իրոք ձևավորվում են մանկության տարիներին: Անչափ կարևոր է, թե ծնվելուց հետո ինչ միջավայրում է ապրում անձը, հոգածության ինչպիսի օրինակներ ու ձևեր տեսնում: Նշվածների հիման վրա արդեն ստեղծվում են ընկալումները սիրո, անձնային տարածքի պահպանության ու խախտման վերաբերյալ: Զույգերի մեջ երբեմն հանդիպում է այնպիսի մոդել, ինչպիսին է ծնողականը: Օրինակ՝ կինը ծնողի դիրք է գրավում, անընդհատ փորձում է հոգ տանել ամուսնու մասին, վայրկյան անգամ չի շեղվում նրանից: Որոշ ժամանակ անց սա կարող է չբավարարել դիմացինին ու դժգոհություն առաջ բերել:
Սերը կարող է գնալ դեպի փակուղի, եթե զույգի միջև հուզական կապվածությունը փոխարինվի կախվածությամբ: Կապվածությունն ամփոփվում է համատեղ հետաքրքրություններ, հիշողություններ ունենալու ու էմոցիաներ ապրելու մեջ: Կախվածության պարագայում անձը մշտապես ցանկանում է, որ զուգընկերն իր հետ լինի, շեշտում է՝ առանց նրա կյանք գոյություն չունի, համոզված է, որ զուգընկերն առանց իր ցանկության չպետք է քայլ կատարի, փորձում է նրան «զրկել ազատությունից», թելադրել ու «շղթաներով կապել»: Կախվածության մեջ առաջանում են տարրեր, որոնք կարող են ունենալ նորմայից շեղվող դրսևորումներ, բերել հոգեբանական և ֆիզիկական բռնության: Կախվածության մեջ գտնվող մարդիկ ցուցաբերում են ագրեսիա, դառնում են անինքնավստահ, ունենում վախեր ու տագնապներ, որ առանց կողակցի պարզապես կկորչեն և չեն գտնի իրենց տեղն աշխարհում: Կախվածությունը միայն ցավ է պատճառում ու չի կարող սեր համարել: Բոլոր դեպքերում հետևանքները տարբեր են․ մարդիկ կարող են երկար տարիներ ապրել այդպես, որոշեն բաժանվել կամ էլ միասին հաղթահարեն խնդիրը, դնեն ընդհանուր նպատակներ ընտանիքի համար: Եթե չեն կարողանում լուծել, ճիշտ է գնալ հոգեբանի մոտ, որպեսզի հասկանան՝ որտեղից է գալիս իրենց սերը, ինչ է դարձել և ուր կարող է գնալ: Մասնագետը կարող է ուղղություն ցույց տալ, սակայն նրանք էլ պետք է ջանքեր գործադրեն, անկեղծ լինեն, ժամանակ անցկացնեն, ազատ շփվեն իրար հետ, նորություններ մտցնեն իրենց կյանք և անպայման բարձրաձայնեն հուզող հարցերը: