Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները

Հետ ծննդյան շրջան

Ներկայացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:

Հիստերէկտոմիայի ընթացքում վիրաբուժական միջամտությամբ հեռացվում է կնոջ արգանդը: Եթե լինում է անհրաժեշտություն, հնարավոր է՝ հեռացվեն նաև մյուս ռեպրոդուկտիվ օրգանները՝ վզիկը, արգանդափողերը, ձվարանները: Այն իրականացվում է բազմաթիվ դեպքերում, ներառյալ՝ քաղցկեղի, էնդոմետրիոզի, կոնքի օրգանների արտահայտված պրոլապսի ժամանակ: Հետազոտությունները փաստում են, որ դրանից հետո կնոջ սեքսուալ կյանքը նշանակալի փոփոխությունների չի ենթարկվում: Որոշ կանայք անգամ նշում են սեքսուալ ֆունկցիայի բարելավում, քանի որ վիրահատությունից հետո դադարում են այնպիսի անցանկալի երևույթները, ինչպիսիք են ցավը, արյունահոսությունը, անմիզապահությունը: Նրանք առավել վստահ են զգում իրենց, ավելի քիչ են ընկճվում, ինչը դրական է ազդում սեռական կյանքի վրա:

Երբեմն լինում են դեպքեր, երբ կինը կարող է ունենալ որոշակի սեքսուալ դժվարություններ: Օրինակ՝ երբ հեռացվել են ձվարանները, նվազում է հորմոնների՝ էստրոգենների և տեստոստերոնի սինթեզը, որը շատ կարևոր է սեքսուալ ֆունկցիայի համար: Ցածր էստրոգենների մակարդակը առաջ է բերում հեշտոցի հյուսվածքի էլաստիկության ու խոնավացման խնդիրներ, ինչը կարող է հարաբերության ժամանակ դիսկոմֆորտի և ցավի պատճառ հանդիսանալ: Այս խնդիրը հեշտությամբ հնարավոր է կարգավորել՝ կիրառելով համապատասխան դեղորայքային բուժում: 

Քանի որ հիստերէկտոմիայից հետո կնոջ մոտ բացակայում է մենստրուացիան, և նաև նա չի կարող հղիանալ, դա կարող է ընկալվել որպես կանացիության կորուստ կամ նվազում: Այդպիսի էմոցիոնալ խնդիրները նույնպես լուծելի են, այդ իրավիճակում բոլոր սեքսոլոգիական խնդիրները արդյունավետ կարող են կարգավորվել, և կինն էլ երկար տարիներ ապրի առողջ սեռական կյանքով: