Էնդոմետրիոզ․ ախտանշանները, պատճառներն ու բուժումը

Նախածննդյան շրջան

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանի հետ։ 

Էնդոմետրիոզը գինեկոլոգիական հիվանդություն է, որի պարագայում արգանդի ներքին լորձաթաղանթը սկսում է աճել և տարածվել իրեն ոչ բնորոշ հատվածներում, շարժվում է դեպի արգանդափողեր ու ձվարաններ, մուտք է գործում որովայնի խոռոչ, տեղակայվում միզապարկի, ուղիղ աղու վրա: Հազվագյուտ դեպքերում լորձաթաղանթը կարող է  հայտնվել թոքերում, ուղեղում և անգամ մաշկի վրա: Թե ինչ կերպ է առաջանում էնդոմետրիոզը, հստակ պարզաբանված չէ: Մեխանիզմի վերաբերյալ կան տարբեր տարածված վարկածներ, որոնցից մեկը ռետրոգրադ մենստրուացիայի տեսությունն է: Համաձայն այդ տեսության՝  դաշտանի  ժամանակ լորձաթաղանթի հոսքը կարողանում է տեղափոխվել ֆալոպյան փողեր: Լցվելով արգանդափողեր՝ այնուհետ անցնում է որովայնի խոռոչ, որտեղ արյունային բջիջները փորձում են ամրանալ որևէ օրգանի: Եվ հենց այս պահին է, որ օրգանիզմում պետք է հնչի փոքրիկ ահազանգ՝ «տարածքում առկա են օտարածին մարմիններ»: Տվյալ կապակցությամբ իմունային համակարգը կակտիվանա,  կաճի մակրոֆագերի քանակությունը, կգործադրվի ճնշում ու կվերացվեն օտար համարվող  արյունային բջիջները: Բայց քանի որ որոշ կանայք ունենում են գենետիկ խնդիրներ և ցածր իմունիտետ, նրանց մոտ բջիջներն ամրանում են ու աստիճանաբար մեծանում՝ ձևավորելով էնդոմետրիոիդ հետերոտոպիաներ: Պետք է հաշվի առնենք, որ էնդոմետրիոզի ծագման հարցում ժառանգական գործոններն իսկապես նշանակալի դեր են տանում: Եթե կինը տառապում է էնդոմետրիոզով, ապա մեծ է հավանականությունը, որ նրա դուստրը, մյուս ազգակցականները ևս կունենան այդ հիվանդությունը: Էնդոմետրիոզի առաջացման գործում, ի դեպ, հորմոնալ դիսբալանսը նույնպես նկատելի դերակատարմամբ է հանդես գալիս:

 

Նախանշաններ, որոնք անտեսել չի կարելի  

 

Առանձնացվում է էնդոմետրիոզի չորս աստիճան՝ թեթև, չափավոր, միջին և ծանր: Նրա հիմնական ախտանշանը քրոնիկ ցավն է: Ցավը կարող է ունենալ բութ, սպազմատիկ, սուր բնույթ: Ընդ որում, կարող են լինել ցիկլիկ (գրանցվում են դաշտանից մեկ շաբաթ առաջ, դաշտանի ժամանակ, դաշտանից մեկ շաբաթ անց) կամ մշտական (ախտահարման պրոցեսը խորանում է, կապ է առաջանում կենտրոնական նյարդային համակարգի հետ): Ցավերի ուժգնությունն ու արտահայտման ձևը կապ չունեն աստիճանի հետ:  Կարող է դիտվել էնդոմետրիոզի թեթև աստիճան, սակայն կինը գանգատվի ուժեղ ցավերից:  Եվ հակառակը՝ դրսևորվի ծանր աստիճան, բայց կինը գանգատ չունենա ընդհանրապես:  Այլ բնորոշ սիմպտոմ է մենստրուացիայից մի քանի օր առաջ, դաշտանից հետո մոտ 3-4 օր դիտվող մուգ շագանակագույն կամ սև արտադրությունը: Շատ դեպքերում էնդոմետրիոզն ընթանում է նաև անախտանիշ: 

  

Պարզենք, թե ինչպիսի կապ կա անպտղության և էնդոմետրիոզի միջև

 

Անպտղությամբ տառապող կանանց մեկ երրորդի մոտ հայտնաբերվում է էնդոմետրիոզ:  Էնդոմետրիոզն իր էությամբ բորբոքային պրոցես է ու առկա է  է ինչպես արգանդի լորձաթաղանթում, այնպես էլ ֆալոպյան փողերում ու փողերից դուրս:   Կնոջ մոտ միգուցե լինի նորմալ օվուլյացիա և բեղմնավորում, սակայն բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիան չկատարվի բարձր ցիտոկինների, լուրջ բորբոքային գործընթացների պատճառով: Հղիությանը խոչընդոտող հանգամանք են դառնում մասնավորապես կպումային պրոցեսները:

Չնայած նշվածներին՝ էնդոմետրիոզը դատավճիռ չէ: Կինը հղիանալ կարող է, բայց կարևոր է պարզելը՝ էնդոմետրիոզի որ աստիճանն է նրա մոտ: Եթե թեթև և չափավոր տարբերակներն են, բուժելն ու հղիության հասնելը համեմատաբար հեշտ է: Եթե միջին ու ծանր ձևերն են, հղիությանը հասնելու համար անհրաժեշտ կլինի անցնել ավելի բարդ փուլեր: Իմիջայլոց, հղիությունը դրականորեն կարող է ազդել էնդոմետրիոզ ունեցող կնոջ վրա: Ուղղակի հղիության ժամանակ տեղի է ունենում պրոգեստերոնի մեծ քանակությամբ սինթեզ, իսկ էնդոմետրիոզի դեպքում սովորաբար հակադիր պատկերն է՝ պրոգեստերոնի ցածր քանակ: Հետևաբար հիվանդությունն ինչ-որ չափով հետընթաց կարող է ապրել:

 

Խնդրի ախտորոշումն ու բուժումը

 

Էնդոմետրիոզը, որպես կանոն, ունենում է երկար գաղտնի շրջան, և սկզբնական փուլերում այն ախտորոշելը դժվար է: Ախտորոշման գործում կարևորում է, նախ, անձի հետ զրուցելն ու մանրակրկիտ անամնեստիկ տվյալներ հավաքագրելը: Ախտորոշմանն օգնող ամենահեշտ և պարզ «գործիքը» ուլտրաձայնային հետազոտությունն է, ինչին հաջորդում է  ՄՌՏ-ն ու հնարավորություն ընձեռում մանրամասն ինֆորմացիա ստանալ գենիտալ համակարգի հետ կապված:

Էնդոմետրիոզի բուժումը ենթադրում է երկու տարբերակ՝ դեղորայքային ու վիրահատական (կատարվում է լապարասկոպիա): Կնոջը նշանակվում են հորմոնալ պրեպարատներ, հնարավոր ցավերը մեղմելու նպատակով օգտագործվում են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ: Անկախ նրանից՝ կինը ստացել է դեղորայքային բուժում, թե լապարասկոպիկ, շատ ժամանակ անց էնդոմետրիոզը կարող է կրկին գլուխ բարձրացնել, ունի կրկնվելու հակում: Ուստի երբ կատարվում է միջամտություն, դրանից հետո պետք է շտապել հղիանալու հարցում: 

 

Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝  095 11 17 17 

Ֆեյսբուքյան էջ՝  Dr. Anna Khachatryan

Ինստագրամյան էջ՝  dr.anna_khachatryan