Ինչպե՞ս են փոխկապակցված կնոջ առողջությունը և քնի ռեժիմը

Նախածննդյան շրջան

Քունն ամենակարևոր մեխանիզմն է սթրեսից հետո վերականգնվելու համար։ Հենց քնի ընթացքում է տեղի ունենում դետոքսիկացիայի գործընթացը, աշխատում իմունիտետը, վերականգնվում են բջիջները։

Այժմ սմարթֆոնների, հեռախոսային խաղերի առկայության պարագայում շատ ժամանակ քունը խանգարվում է: Իսկ քնի սխալ ռեժիմն իր հերթին  կարող է բերել վատ հետևանքների ու ձևավորվել ախտաբանական օղակ:

Առաջին հերթին, դա խախտում է դետոքսիկացիան, որն ուղղակիորեն վերաբերում է էստրոգեններին։ Տարիների ընթացքում էստրոգենի մետաբոլիտները կուտակվում են՝ ստեղծելով էստրոգեն դոմինանտություն: Այնուհետ խախտվում է կորտիզոլի արտադրությունը, ինչը սերտորեն կապված է սթրեսի հետ։ Սովորաբար կորտիզոլի կոնցենտրացիան արյան մեջ առավոտյան ամենաբարձր մակարդակի վրա է գտնվում, երեկոյան՝ ամենացածր: Ուշ քնելը, քնի ընդհատումները հանգեցնում են գիշերվա ընթացքում կորտիզոլի աճի, որը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա, ավելի է արտահայտվում սթրեսը, խախտվում են դաշտանային ցիկլն ու նյութափոխանակությունը, դիտվում է ճարպակալում։ Բարձր կորտիզոլը գրեթե միշտ հանգեցնում է հիպոթիրեոզի, վահանագեղձի աշխատանքի խանգարման: Իմունիտետի նվազումն էլ բերում է բոլոր տեսակի բորբոքումների առաջացմանն ու դրանց քրոնիկությանը։

Այս ամենից խուսափելու համար կինը պետք է քնի միջինում 6-8 ժամ: Ինչպես նաև ընթրի քնելուց 2-4 ժամ առաջ, երեկոյան ուշ չօգտագործի ալկոհոլ և կոֆեին, հնարավորինս զերծ մնա սթրեսային գործոններից, նախապես օդափոխի  սենյակը։

  

Աղբյուրը՝ գինեկոլոգ Աննա Խաչիկյանի ֆեյսբուքյան էջ