Ի՞նչ հոգեբանական փուլեր է անցնում երեխան ներարգանդային զարգացման ընթացքում

Նախածննդյան շրջան

Ներկայացնում է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան:

Փոքրիկը ներարգանդային զարգացման և ծննդաբերության ընթացքում ձեռք է բերում եզակի, չկրկնվող փորձ, որն իր հետքն է թողնում հետագա կյանքի վրա: Առանձնացվում է չորս մատրիցա, որով երեխան անցնում է: Դրանց օպտիմալ ու բարենպաստ ընթացքն է, որ օգնում է նրան ապագայում, իսկ բացակայությունը կամ աննպաստ վիճակը՝ ստեղծում բազմապիսի հոգեբանական խնդիրներ: 

 

Առաջին օղակ․ «Անմեղության մատրիցա» կամ «Դրախտ»

Սկզբում բալիկը «դրախտում» է, այսինքն՝ մայրիկի հետ սերտ սիմբիոտիկ կապի մեջ է և կազմում է նրա հետ մեկ ամբողջություն, պաշտպանված է, կուշտ, առանց ցավի և տառապանքի: Նպաստավոր են համարվում այն պայմանները, երբ երեխան սպասված է, սիրված, ընդունելի իր ընտանիքի կողմից: Այս պարագայում արդեն հասուն մարդը կարողանում է առանց լարվելու հանգստանալ, վայելել կյանքի բարիքներն` առանց տագնապելու, կորցնելու վախի: Անբարենպաստ պայմաններ են, երբ կա վտանգ, աբորտի ցանկություն և մտքեր, չսպասվածության զգացում, սեռով կամ այլ գործոնով պայմանավորված մերժում: Նման դեպքում երեխան իրեն միշտ կզգա «ոչ իր ժամանակին», հեշտությամբ չի կարողանա ընդունել կյանքի նվերները, կփորձի ամեն կերպ վարձահատույց լինել` իրեն արժանի չհամարելով: 

 

Երկրորդ օղակ․ «Հեռացում Դրախտից» կամ «Զոհի Արխետիպ»

Տվյալ մատրիցան սկսում է այն պահից, երբ ի հայտ են գալիս մեխանիկական կրճատումները, կծկումները, բայց արգանդի վզիկը փակ է, ելք չկա դեռ: Երեխայի անդորրը խանգարված է, նա առաջին անգամ սուր դիսկոմֆորտ է զգում, պետք է դուրս գա, բայց ազատ ճանապարհը բացակայում է: Մայրն ու երեխան կարծես մեկը մյուսի համար ցավի աղբյուր են դառնում, անջատվում իրարից` փորձելով հաղթահարել իրավիճակը: Բարենպաստ պայման է, երբ մայրը նույնիսկ այդ ցավերի մեջ կապ է հաստատում փոքրիկի հետ, դրական հույզեր փոխանցում, խոսում նրա հետ, գոտեպնդում, որ ամեն բան կստացվի: Մեծ տարիքում այդ նույն երեխան կդիմակայի ցանկացած դժվարության` ներքուստ վստահ իմանալով, որ անցնելու է ճանապարհը, հաղթելու է: Աննպաստ է համարվում մատրիցայի բացակայությունը կամ խիստ երկարաձգումը, երբ մայրը կորցնում է պայքարելու ուժերն ու ցանկանում վայրկյան առաջ «ազատվել» տանջանքներից: Սրա պարագայում կարող է «զոհի» կարգավիճակ զարգանալ, երբ մարդն անընդհատ անդեմ պայքարի մեջ է: 

 

Երրորդ օղակ․ «Պայքարի մատրիցա» կամ «Հերոսի ուղի»

Երեխայի ճանապարհն արդեն ազատ է, պարանոցի օղակը բաց է, նա կարող է անցնել ճանապարհը` մայրիկի օգնությամբ կամ առանց: Բարենպաստ է, երբ մայրիկն իր ողջ ուժերը կենտրոնացնում է և դուրս է հրում փոքրիկին` համագործակցելով վերջինիս հետ: Այդ դեպքում բալիկը մեծ տարիքում կկարողանա հաղթահարել իր խնդիրները, կունենա համոզմունք, որ կա օգնություն, կարևոր չէ, որ դա շոշափելի լինի, կարևորը ներքին զգացումն է: Անբարենպաստ է, երբ մայրիկը կորցնում է ուժերը, կատարում են աքցանադրում կամ այլ միջամտություն: Մեծ տարիքում մարդը, նույնիսկ դժվարության ժամանակ, կխուսափի օգնությունից, քանի որ այն ցավոտ էր, ոչ հաճելի:

  

Չորրորդ մատրիցա․ «Ազատություն»

Սա դեռևս անատոմիական ազատություն է՝ պորտալարը կտրված է, երեխան ինքնուրույն, թոքերով շնչում է, մայրիկի մարմնից առանձնացել է: Ազատությունը նաև իր գինն ունի. նոր, անսովոր պայմաններ, տհաճ գրգռիչներ, սովի, ցրտի, շոգի զգացողություն և այլն: Սակայն ամեն ինչ փոխվում է, եթե մայրիկը սեր ու ջերմություն է տալիս փոքրիկին: Շատ կարևոր է, որ մոտակա 40 րոպեում մայրիկը գրկի, կուրծք տա, շոյի փոքրիկին: Այս ժամանակ ազատությունը, չնայած իր դժվարություններին, կասոցացվի պաշտպանվածության և անթաքույց սիրո հետ: Բայց եթե երեխային ծնվելուց հետո միանգամից անջատել են մայրիկից, երեխան կարող է լրիվ հակառակ ասոցիացիաներ ունենալ՝ ազատությունն ուղիղ համեմատական համարելով սովի, ցրտի, մենակության հետ: Մեղքի զգացում, որ ինքը լավը չէր, դրա համար մայրիկն իր մոտ չի պահել: 

  

Աղբյուրը՝ «Հմուտ ծնող» ֆեյսբուքյան խումբ