Դաշտան․ ե՞րբ և ինչպե՞ս է սկսում աղջկա սեռահասունացումը - մաս 1

Նախածննդյան շրջան

 «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Նաիրի» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Մարիաննա Ադամյանի հետ։ 

Աղջիկը մուտք է գործում զարգացման նոր՝ սեռահասունացման փուլ 

Աղջիկների սեռահասունացումը սկսվում է 8-14 տարեկանում, երբեմն մի փոքր ավելի շուտ կամ ուշ: Նրանց մեծամասնության համար սեռական հասունացման առաջին նշանը կրծքագեղձերի զարգացումն է։ Կրծքագեղձի անհավասար աճն ու ցավը լիովին նորմալ են և սովորաբար անցնում են ժամանակի ընթացքում: Դեռահասների շրջանում տարածված է լինում ակնեն։ Հորմոնները դրդում են գեղձերին լրացուցիչ ճարպ արտադրել, որն էլ խցանում է մաշկի ծակոտիները: Մազեր են սկսում աճել սեռական օրգանների հատվածում, թևատակերին և ոտքերի վրա: Աղջիկների մոտավորապես 15%-ի մոտ  ցայլքային մազերը կարող են դրսևորվել մինչև կրծքագեղձի զարգացումը և համարվել սեռահասունացման նախանշան: Հնարավոր է ունենալ քիչ կամ չափավոր քանակությամբ թափանցիկ կամ սպիտակ հեշտոցային արտադրություն, որը սկսվում է առաջին դաշտանից 6-12 ամիս առաջ: Սա նորմալ արձագանք է օրգանիզմում էստրոգեն հորմոնի քանակի աճին: Մարմինը  ճարպ է կուտակում, հատկապես՝ կրծքերում, կոնքերի ու ազդրերի շուրջ, քանի որ ընդունում է կանացի ուրվագիծ: Հիմնականում մինչև 15 տարեկանը լինում է առաջին դաշտանը: 

 

Օրգանիզմում կատարվող գործընթացները դաշտանի ընթացքում          

Դաշտանը (մենստրուացիան) հեշտոցային արյունահոսություն է, որն իգական սեռի ներկայացուցչի առողջ ամսական ցիկլի բնականոն մասն է: Ամեն ամիս նրա մարմինը պատրաստվում է հղիության: Յուրաքանչյուր դաշտանային ցիկլի ընթացքում առաջանում է ձվաբջիջ և դուրս գալիս ձվարաններից, ինչը կոչվում է ձվազատում (օվուլյացիա): Արգանդի լորձաթաղանթը հաստանում է: Եթե հղիություն տեղի չի ունենում, լորձաթաղանթը և ձուն դուրս են գալիս մարմնից որպես դաշտան, և ամեն ինչ կրկնվում է: Այդ իսկ պատճառով մենք օգտագործում ենք «ցիկլ» բառը:

Միջինում դաշտանային ցիկլը տևում է 28 օր։ Այն սկսվում է վերջին դաշտանի առաջին օրվանից և ավարտվում հաջորդ դաշտանի առաջին օրով։ Ամեն դեպքում ցիկլերի տևողությունը փոփոխվում է, մասնավորապես՝ առաջին դաշտանին հաջորդող 1-2 տարվա ընթացքում: Թեև միջինում ցիկլը տևում է 28 օր, 21-ից 45 օր տևողությունը համարվում է նորմալ: Դաշտանի տևողությունը նույնպես տարբեր է: Արյան առաջին նշանից մինչև վերջինը տատանվում է 3-ից 5 օրվա միջակայքում: Պատահում է, որ արյունահոսում են 2 օր, պատահում է՝ 1 շաբաթ։ Դա պայմանավորված է նրանով, որ օրգանիզմում արտադրվող հորմոնների մակարդակը տարբեր է լինում մեկ ցիկլից մյուսը, որն էլ ազդում է արյունահոսության քանակի ու տևողության վրա:                 

                                                                                                                                                                            

Շարունակելի

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան