Fenix-Med բժշկական կենտրոնի բժիշկ Արմինե Միսակյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքում՝ կից գրառմամբ․
«Նկարն այսօր վերնագրեցի «Աղոթքի ժամին»...
Աղոթքի դիրքով ձեռքերը վեր պարզած պտուղը 12 տարի ջերմ սիրով սպասված Նարեկն է, որը, իսկապես, մոր բարի սրտի պարգևն էր` Նախախնամության թելադրանքով:
Հիմա պատմեմ Նարեկի մայրիկից:
44 տարեկանում առաջին անգամ մայրության բերկրանքը վայելած այս լավատես ու բարի կինը 12 տարի սիրով ու անտրտունջ պահել- խնամել է ամուսնու առաջին ամուսնությունից ծնված երկու փոքրերին, որից մեծին` աղջկան , հաշմանդամության զգալի խնդիրներով ու, ի դեպ, հենց նա էլ ճիգով ու ջանքով, դժվար տեղաշարժվելով` հղիին ուղեկցեց իմ կաբինետ, ու հոգատար մայրն էլ խնդրեց, որ աղջիկն անպայման ներկա լինի հետազոտությանը:
Երբ հարցրեցի տիկնոջը, թե սա որերորդ հղիությունն է, պատասխանեց, որ կենսաբանական առումով առաջին, բայց ունեմ երկու լավ բալիկ, որոնց սիրում եմ աշխարհի չափ ու կարևոր չէ, որ ես չեմ լույս աշխարհ բերել:
Տեսնել էր պետք մոր ու աղջկա երջանիկ հայացքներով իրար փաղաքշելը` երբ ես մի որևէ լավ լուր էի հաղորդում պտղից, երբ իմացան սեռը` երջանկությունից արտասվեցին իրար գրկած, ու հղին ասաց, որ երեխաները որոշել են, որ տղա լինելու դեպքում Նարեկ պիտի լինի եղբոր անունը:
Իսկ հետո իրար օգնելով(😞) հավաքվեցին ու շնորհակալությունների հեղեղ թափելով՝ դուրս եկան սենյակիցս:
Էս համեստ ընտանիքից սիրո ու համերաշխության խտացած էներգիա էր ժայթքում, որտեղ էական չէին նյութական խնդիրները, նրանք նախանձելի ինքնաբավ մարդիկ էին` Աստծուց շնորհակալ իրենց ունեցածով, ու Նարեկը այդ անսահման սիրո ծնուննդն էր)))
Թող մեզանում շատ լինեն իսկապես կյանքից գոհ ու երջանիկ ընտանիքներ, որտեղ կմեծանան հոգեպես առողջ ու ազգին պիտանի բալիկներ»: