Հղիությունը կնոջ համար համարվում է մի շարք փոփոխությունների շրջան. փոխվում է մարմնի կառուցվածքը, խառնվում են մտքերը, ի վերջո, ընտանեկան կյանքն է փոխվում։ Յուրաքանչյուր կին պետք է պատրաստ լինի ընդունել այս ամենը՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով, որ այս փոփոխությունների հետևանքով հնարավոր է՝ լինեն սթրեսներ։
«Ժեստ» հոգեբանական կենտրոն-ի հոգեբան Անի Ապիտոնյանը նշում է՝ ինչպես սնունդն է մորից փոխանցվում պտղին, նույն կերպ էլ սթրեսները կարող են ազդել երեխայի վրա: Սրա բացատրությունն, ի դեպ, հոգեբաններն ու գիտնականները դեռևս չունեն։ Այսինքն՝ ինչ մտքեր է ունենում հղի կինը, ինչ սթրեսների է հանդիպում այդ ընթացքում, դրանք ի հայտ են գալիս պտղի մոտ։
Հոգեբանի խոսքով՝ անձը կարող է ունենալ հոգեբանական խնդիր, դիմի մասնագետին, և միայն նրա ծնողի հետ զրուցելուց հետո կարող է պարզվել, որ դեռևս սաղմնային վիճակում անձը ենթարկվել է ինչ-ինչ սթրեսների։
«Նաիրի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Մարիաննա Ադամյանը հարցը ֆիզիոլոգիական տեսանկյունից է բացատրում. «Սթրեսի բարձր մակարդակը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ծննդկանի և պտղի վրա։ Կարող են ի հայտ գալ առողջական խնդիրներ, ինչպիսիք են բարձր ճնշումն ու սրտի հետ կապված խնդիրները։ Այս դեպքում վտանգ կա վաղաժամ ծննդաբերության»:
Իսկ թե երեխայի հոգեբանության վրա ինչպես կարող է ազդել սթրեսը, բժշկուհին պատասխանում է․ «Սթրեսների հետևանքով երեխայի մոտ կարող են լինել վարքային խնդիրներ. նա կարող է լինել շատ վախկոտ, իսկ ավելի ծանր դեպքերում սթրեսը կարող է ազդել երեխայի ուղեղի զարգացման վրա»:
Հղի կնոջ համար սթրեսի պատճառները կարող են տարբեր լինել՝ ասում է մանկաբարձ-գինեկոլոգը: Հավելում է՝ բացի հիմնական պատճառներից՝ վեճեր, որոշակի պահանջների չբավարարում և այլն, կարող են լինել նաև այլ սթրեսածին իրավիճակներ՝ կախված այն բանից, թե ինչ բնավորություն, ինչ սպասումներ ունի հղի կինը, ինչպես է ընկալում իր հանդեպ խնամքը, կամ ընդհանրապես ինչպես է ընկալում աշխարհը. «Այստեղից էլ արդեն ցանկացած իրավիճակ կարող է հղիի համար լինել սթրեսածին: Սթրեսի մասին կարող են վկայել գլխացավերը, մարսողության հետ կապված խնդիրները, անքնությունը և կպչուն մտքերը»:
Ե՛վ հոգեբանական, և՛ ֆիզիոլոգիական տեսանկյունից՝ սթրեսածին կարող են լինել ծննդաբերության մասին մտքերը, վախերը, ցավերն ու դժվարությունները։
«Խնդիրներ ծագում են այն դեպքում, երբ հղիներն իրենց հղիությունը հավասարեցնում են հիվանդության։ Սա արդեն ոչ թե պատասխանատվություն է, այլ տագնապայնություն»,- կարծում է Անի Ապիտոնյանը, ապա հավելում՝ «Սթրեսների հանդեպ դիմացկունություն ցուցաբերելու համար առաջարկում եմ զբաղվել հաճելի զբաղմունքով՝ կարդալ գրքեր, դիտել ֆիլմեր և հաճախ կատարել որոշ շնչառական վարժություններ»:
Անդրադառնալով իրավիճակներին, որոնք կարող են հղի կնոջ համար սթրեսի պատճառ դառնալ՝ Անի Ապիտոնյանը նշում է՝ մի հղի կնոջ համար տան գործերով զբաղվելը կարող է սթրեսի պատճառ դառնալ, մյուսի համար ընդհակառակը՝ վերացնել սթրեսը. «Պատճառները տարբեր են ու անհատական»:
Սթրեսներից հնարավորինս զերծ մնալու համար բժշկուհի Ադմայանը կարծում է, որ նախ պետք է հասկանալ դրա պատճառը և փորձել հաղթահարել այն. «Հղիության հետ կապված անհարմարությունները ժամանակավոր են, խնդրեք Ձեր ամուսնուն հնարավորինս շատ Ձեր կողքին լինել։ Օգտագործեք առողջ սնունդ և զբաղվեք մարմնամարզությամբ։ Փորձեք շատ հանգստանալ, չլարվել։ Պատրաստվեք երեխայի ծննդին և վայելեք Ձեր հղիությունը»։
Անի Ապիտոնյանն ասում է, որ պետք է հասկանալ՝ ինչպես է ծննդկանը վերաբերվում իր հղիությանը՝ պատասխանատվությա՞մբ, թե՞ոչ, և պետք է նաև հաշվի առնել, թե ինչպես է դրսևորվում այդ պատասխանատվությունը. «Մեկի համար հղիությունը կարող է դառնալ շրջապատին մանիպուլացնելու ձև (օրինակ՝ տուն չեմ մաքրի, հեռուստացույց մի դիտեք, որովհետև ձայնը նյարդայնացնում է), մյուսի համար՝ հակառակը»։
Թե՛ Մարիաննա Ադամյանը, թե՛ Անի Ապիտոնյանը համակարծիք են, որ պետք է հասկանալ՝ կարգավիճակը ժամանակավոր է և հղիության ընթացքում պետք է կինը խնայի իրեն՝ խնայելով փոքրիկին:
«Քանի որ պտղի ուղեղը և մնացած կենսական օրգանները սկսում են զարգանալ 4 շաբաթականից, հենց այդ շրջանում է սթրեսը համարվում վտանգավոր երեխայի համար»,- ասում է Ադամյանը։
Ապիտոնյանն էլ հավելում է՝ պետք է ցուցաբերել զգոնություն և ունենալ պատասխանատվության զգացում
երեխայի կյանքի համար։
Հեղինակ՝ Մոնիկա Մամյան