Ինչ պետք է անել մինչև հղիության պլանավորումը. մաս 1

Նախածննդյան շրջան

Քայլ 1. Պլանավորեք հղիությունը

 

Կանայք և զույգերը պետք է նկատի ունենան, որ կարևոր է վերարտադրողական կյանքի պլան ունենալը, որում հաշվի կառնվեն նրանց անհատական ընտանեկան հանգամաներն ու հետևյալ առաջարկները.

 

  • Ցանկալի է, որ կանայք առաջին հղիությունը պլանավորեն 18 տարեկանից հետո: Այն մայրերը, որոնք հղիանում են մինչև 18 տարեկանը, հղիության ընթացքում ունեն բարդությունների առաջացման առավել մեծ հավանականություն: Դեռահաս մայրերի նորածինների մոտ առավել բարձր է վաղաժամ ծնվելու, ծնվելիս մարմնի ցածր քաշի, ինչպես նաև ծննդաբերության հետ կապված բարդությունների, ընդհուպ մինչև մահացու բարդությունների առաջացման հավանականությունը:
  • Կանայք պետք է իրենց հղիությունների միջև պահպանեն առնվազն 2 տարվա ընդմիջում: Երբ հղիությունների միջև ժամանակահատվածը շատ կարճ է, ապա այդ դեպքում մայրերի մոտ առավել բարձր է բարդությունների առաջացման հավանականությունը, նորածինները կարող են ծնվել վաղաժամ կամ մարմնի ցածր քաշով:
  • Հղիությունների միջև առավելագույն ժամանակահատվածը ցանկալի է, որ չգերազանցի 5 տարին. երբ հղիությունների միջև եղած ժամանակահատվածը երկար է, ապա այս դեպքում մայրերի մոտ խիստ հավանական է հղիության ընթացքում բարդությունների առաջացման հավանականությունը, իսկ նորածինները կարող են ծնվել վաղաժամ կամ մարմնի ցածր քաշով:

 

Քայլ 2. Այցելեք Ձեր բժշկին՝ հղիությունն իրականացնող բժշկական զննություն անցնելու նպատակով

 

Շատ հաճախ մինչև հղիության մոտավորապես երրորդ շաբաթը կանայք տեղյակ չեն լինում, որ հղիացել են: Մինչդեռ պտուղն ամենազգայունն է բեղմնավորումից հետո երկրորդից ութերորդ շաբաթների ընթացքում: Հենց այս ժամանակահատվածում է, որ սկսում են ձևավորվել ապագա մանկիկի դիմագծերն ու հիմնական օրգան-համակարգերը: Այն ամենն, ինչ կինն ուտում է, խմում, կատարում կամ ենթարկվում որևէ գործոնի ազդեցության, անդրադառնում է նաև ներարգանդային կյանքում գտնվող մանկիկի վրա: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է որոշակի քայլեր ձեռնարկել արդեն մինչև հղիանալը:

 

Առողջ երեխա ունենալու տեսանկյունից կարևոր քայլերից մեկը, որը կինը կարող է ձեռնարկել մինչև հղիանալը, բժշկին այցելելն է:

 

Այցելեք Ձեր ընտանեկան բժշկին կամ մանկաբարձ-գինեկոլոգին հղիանալը պկանավորելուց առնվազն 3 ամիս առաջ:

 

Բժիշկը կգնահատի կնոջ առողջական վիճակը, անհրաժեշտության դեպքում կնշանակի մի շարք լաբորատոր հետազոտություններ, կհավաքի ապագա մոր և հոր բժշկական և ընտանեկան պատմությունը, կբացահայտի առողջական և կենսակերպի հետ կապակցված վտանգավոր այն գործոնները, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ ապագա հղիության վրա:

 

  • Առողջական խնդիրներ: Հղիությունը վրա կարող են բացասաբար անդրադառնալ կնոջ մոտ առկա մի շարք առողջական խնդիրներ: Այնպիսի քրոնիկական հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, էպիլեպսիան, Միջերկրյածովային տենդը կամ արյան շրջանառության հետ կապված խնդիրները, հղիության ընթացքում կարող են հատուկ բուժում և ուշադրություն պահանջել: Մեծապես խորհուրդ է տրվում բուժել այս հիվանդությունները կամ նրանց բերել կառավարելի վիճակի:
  • Դեղամիջոցները. Եթե կինը մի շարք քրոնիկական հիվանդություններով պայմանավորված ընդունում է որոշակի դեղամիջոցներ, ինչպիսիք են, օրինակ, ասթման, էպիլեպսիան, վահանագեղձի հիվանդությունները, միգրենային գլխացավերը, ապա նա իր հետագա բուժման հարցերը պետք է քննարկվի բժշկի հետ: Բժիշկը կգնահատի նրա առողջական վիճակն ու հետագա բուժման անհրաժեշտության հարցը. հղիությունից առաջ գործածվող մի շարք դեղամիջոցներ կարող են բացասաբար անդրադառնալ ապագա մանկիկի առողջության վրա:
  • Ձեր ընտանեկան պատմությունը. Առողջ հղիություն և առողջ մանկիկ ունենալուն ուղղված ճիշտ խորհուրդներ տալու նպատակով՝ բժիշկը կարող է կնոջը հարցեր տալ նրա ընտանեկան պատմության վերաբերյալ: Սա իր մեջ ընդգրկում է կնոջ, նրա ամուսնու և նրանց ընտանիքների առողջական վիճակի վերաբերյալ բժշկական տեղեկություններ, քանի որ ապագա երեխան կարող է վտանգված լինել մի շարք այնպիսի հիվանդություններով, որոնք առկա են նրանց ընտանիքներում: Այս առողջական խնդիրները գենետիկ են և կապված չեն ապագա մայրիկի և հայրիկի կողմից ձեռնարկվող քայլերի կամ կենսակերպի հետ:
  • Լաբորատոր հետազոտությունները. Երբեմն կնոջը նշանակում են որոշակի լաբորատոր հետազոտություններ՝ պարզելու, թե, արդյոք, նրա մոտ չկան այնպիսի հիվանդություններ կամ առողզական խնդիրներ, որոնք հետագայում հղիության ընթացքում կարող են վնասել ապագա մանկիկին: Այս խնդիրներից շատերը կարելի է հասցեագրել մինչև հղիությունը, որոշակի բարդություններից զերծ մնալու համար: Մինչև հղիանալը ինչպես կինը, այնպես էլ տղամարդը, պետք է հետազոտվեն սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հայտնաբերման համար: Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հետևանքով կինը կարող է հղիանալու հետ կապված դժվարություններ ունենալ: Միևնույն ժամանակ հղիանալու դեպքում չբուժված վարակը կարող է վնասել ապագա մանկիկին:

Օրինակ՝ քլամիդիան կարող է բացասաբար անդրադառնալ ապագա հղիությունների վրա: Նույն կերպ չբուժված գոնորեան կարող է բացասաբար ազդել հետագա պտղաբերության վրա և հանգեցնել վերին սեռական ուղիների վարակի: Հղիության ժամանակ գոնորեային վարակը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության, ծնվելիս նորածինների ցածր քաշի, ինչպես նաև ծննդաբերության ժամանակ որոշակի բարդությունների:

 

Եթե այս վարակները հայտնաբերվեն և բուժվեն մինչև հղիությունը, ապա ոչ մի բացասական հետևանք չեն կարող թողնել ապագա մանկիկի վրա:

 

 

Շարունակելի

 

Աղբյուրը՝ «5 կարևոր քայլ՝ հղիությանը լավագույնս նախապատրաստվելու համար» ուղեցույց