Ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանը:
Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը ախտանշանների մի ամբողջ կոմպլեքս է, որոնց բոլորի կամ թեկուզ մի քանիսի առկայությունն անգամ թույլ է տալիս ախտորոշել այն: «Կիստիզ» արտահայտությունը թարգմանաբար նշանակում է պղպջակ: Հենց այդ պղպջակի ներսում էլ հայտնվում են բարորակ նորագոյացություններ:
Պատճառը օրգանիզմում առկա հորմոնային դիսբալանսն է, որի հիմքում ընկած են ավելի խորը փոփոխություններ: Հղի կանայք ծննդաբերելուց հետո նույնպես ունենում են հորմոնային խնդիրներ, սակայն սա չի նշանակում, որ հղի կինը թիրախային խմբում է. ծննդաբերած կանանց մոտ սա հայտնաբերվում է, եթե մինչ այդ օրգանիզմում եղել են նախանշաններ:
Նախնական պատճառները կարող են լինել և՛ ժառանգական նախատրամադրվածությունը, և՛ փոքր տարիքում տարած տարբեր հիվանդությունները, որոնք հանգեցրել են նյութափոխանակության խանգարման:
Հիվանդության առաջացման համար նպաստող հանգամանք են հանդիսանում մանուկ հասակում տարած ինֆեկցիաները, կարմրուկը, կարմրախտը, հաճախակի անգինաները, մեծ դեր է խաղում հիպոդինամիան (նստակյաց կենսակերպը), մտավոր գերծանրաբեռնվածությունը:
Ախտանշաններից ամենահաճախ հանդիպողը դաշտանային ցիկլի խանգարումներն են՝ ուշացումների ձևով, շատ հաճախ անպտղությունը, երբեմն՝ ճարպակալումը, մազաթափությունը, ճարպոտ մաշկը և այլն: Ախտորոշումը հաստատվում է ընդհանուր և գինեկոլոգիական զննման, գանգատների և կլինիկոլաբորատոր հետազոտությունների հիման վրա, երբեմն էլ անհրաժեշտ է լինում նյարդաբանի և էնդոկրինոլոգի խորհրդատվություն:
Հիվանդության դեպքում կնոջը վտանգ չի սպառնում, սակայն սա կարող է անդրադառնալ կյանքի որակի վրա:
Այս հիվանդությունը պահանջում է հատուկ բուժում և վերականգնում: Սովորաբար այն չի անցնում ինքնուրույն, սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ խնդիրը պարզապես վերանում է: Սա բուժելի հիվանդություն է, եթե հաշվի առնենք, որ ներկայում վերարտադրողական բժշկությունը «հրաշքներ է գործում»։
Պոլիկիստոզ ձվարանների բուժման համար նախապատվությունը տրվում է դեղորայքային և վիրահատական տարբերակներին: Հետվիրահատական շրջանում կրկին շարունակվում է դեղորայքային բուժումը:
Ձվարանի կիստաների դեպքում բուժումից անմիջապես հետո կարելի է հղիանալ: Իսկ եթե կա կիստա, ապա հղիանալու հավանականությունը նվազում է, սակայն չի բացառվում։
Հեղինակ՝ Ստելլա Պետրոսյան