Երեխայի ծնունդը յուրաքանչյուրի կյանքում ամենաերջանիկ իրադարձությունն է:
Ուստի, յուրաքանչյուր զույգ իրավունք ունի որոշելու այդ հրաշալի իրադարձության ամենահարմար ժամանակն ու երեխաների քանակն ընտանիքում: Անվտանգ հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործումը հնարավորություն է տալիս պահպանել առողջությունը և ունենալ առողջ երեխա, երբ զույգը պատրաստ է դրան: Մոր և երեխաների առողջության պահպանման նպատակով՝ խորհուրդ է տրվում ծնունդները պլանավորել առնվազն երկու տարի ընդմիջումով: Կարգավորելով հղիությունների միջև ժամանակահատվածը` կինը հնարավորություն է ունենում վերականգնել առողջությունը, ավելի շատ ժամանակ տրամադրել երեխային և պատշաճ կերպով խնամել ու դաստիարակել նրան: Ներկայում կան հակաբեղմնավորման ժամանակակից և բնական բազմաթիվ եղանակներ, ինչպես նաև հատուկ դեպքերի համար նախատեսված շտապ բեղմնականխման մեթոդներ, որոնցից մի քանիսին էլ անդրադառնանք այս նյութում: Դիմե՛ք բժշկի` ընտրելու Ձեզ համապատասխանող մեթոդը:
Ներարգանդային պարույր
Ներարգանդային պարույրը (ՆԱՊ, спираль) արգանդի մեջ տեղադրվող փոքրիկ պլաստիկ հարմարանք է: ՆԱՊ-ը նվազեցնում է ձվաբջիջը բեղմնավորելու սերմնահեղուկի ունակությունը և կանխում է բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիան (բեղմնավորված ձվաբջջի ներդրումն ու սերտաճումը) արգանդում: Ներկայում կան տարբեր տեսակի ՆԱՊ-եր: Ամենատարածված տեսակները պարունակում են պղինձ (օրինակ` CuT380A, TCu200, TCu220, Multiload, NOVA T), մյուսները` արծաթ կամ սինթետիկ պրոգեստին հորմոն (Mirena): Հայաստանում ՆԱՊ-ի տեղադրումը և հեռացումն իրականացնում է մանկաբարձ-գինեկոլոգը ամբուլատոր պայմաններում: Դա պարզ գործողություն է, ինչը ցավազրկում չի պահանջում: Ճիշտ տեղադրելու դեպքում ՆԱՊ-ն անվտանգ է և հարմարավետ: ՆԱՊ-ը կարելի է տեղադրել դաշտանային ցիկլի ցանկացած օր, եթե համոզված եք, որ հղի չեք և չունեք այլ հակացուցումներ, որոնք կախտորոշի բժիշկը: ՆԱՊ-ը կարող է կանխել անցանկալի հղիությունը 5-12 տարով` կախված ՆԱՊ-ի տեսակից և մանկաբարձ-գինեկոլոգը կարող է հեռացնել այն ցանկացած ժամանակ` ըստ Ձեր ցանկության: ՆԱՊ-ը հեռացնելուց կարճ ժամանակ անց Դուք կարող եք հղիանալ: ՆԱՊ-ը հակաբեղմնավորման ամենաարդյունավետ մեթոդներից է (99,4-99,8%): Բազմաթիվ սեռական զուգընկերներ ունեցող կանանց խորհուրդ չի տրվում օգտագործել ՆԱՊ: Այն չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից, ներառյալ` ՄԻԱՎ-ը:
Հորմոնալ մեթոդներ. Համակցված հակաբեղմնավորիչ հաբեր
«Ծնելիության վերահսկման հաբեր» տերմինը հակաբեղմնավորիչ հաբերի հաճախ
օգտագործվող հոմանիշն է: Ծնելիության վերահսկման հաբերը պարունակում են այն նույն հորմոնները` էստրոգեն և պրոգեստերոն, որոնք արտադրվում են կնոջ օրգանիզմում: Այս հաբերը կանխում են ձվաբջջի հասունացումը և անհնար դարձնում հղիությունը: Հակաբեղմնավորիչ հաբերը բավական արդյունավետ են ու անվտանգ և կարող են օգտագործվել երկար ժամանակ: Վերջին տարիներին ծնելիության վերահսկման հաբերը փոխվել են` դրանք այժմ պարունակում են փոքր չափաքանակով հորմոններ, որի շնորհիվ նվազել են կողմնակի ազդեցությունները: Հաբերը չեն հանգեցնում անպտղության:
Հաբերի ընդունումը դադարեցնելուց հետո կնոջ մոտ գրեթե անմիջապես վերականգնվում է հղիանալու ունակությունը: Առաջին հաբը պետք է ընդունել դաշտանի առաջին 5 օրերի ընթացքում՝ փաթեթի վրա նշված հրահանգների համաձայն: Ընդունեք հաբերն ամեն օր, միևնույն ժամին: Եթե մոռացել եք ընդունել հաբը, հիշելուն պես ընդունեք այն, իսկ մյուսներն ընդունեք ըստ ռեժիմի: Եթե մոռացել եք ընդունել երկու կամ ավելի հաբեր, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: Հակաբեղմնավորիչ հաբերի փաթեթները պարունակում են 21 կամ 28 հաբ: Եթե Դուք օգտագործում եք 21 օրվա փաթեթը, ապա մեկ շաբաթյա ընդմիջումից հետո սկսեք օգտագործել հաջորդ փաթեթը: Քսանութ օրվա փաթեթի օգտագործման դեպքում ընդմիջման կարիք չկա և պետք է օրական մեկական հաբ ընդունել: Որոշ կանայք, երբ սկսում են ընդունել հակաբեղմնավորիչ հաբեր, կարող է ունենան թեթև սրտխառնոց, գլխացավ, քաշի փոքր-ինչ ավելացում և կրծքագեղձերի լարվածություն/ցավոտություն: Սակայն օգտագործելուց երեք ամիս անց այս ախտանշանները սովորաբար անցնում են: Հաբերից անմիջապես մի հրաժարվեք, եթե նույնիսկ նման խնդիրներ ունեք: Այսօր գոյություն ունեն բազմաթիվ հակաբեղմնավորիչ հաբեր, և Ձեր բժիշկը կարող է փոխել նշանակումը: Իհարկե, միշտ չէ, որ հակաբեղմնավորիչ հաբերը հարմար են լինում բոլոր կանանց համար: Եթե Ձեր տարիքը 35-ից անց է և Դուք ծխում եք, եթե ունեք արյան բարձր ճնշում, տառապում եք սրտանոթային լուրջ հիվանդությամբ, լյարդի հիվանդությամբ, միգրենով կամ կրծքով կերակրող մայր եք, Ձեր բժիշկը խորհուրդ չի տա օգտագործել հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբեր: Եթե Դուք կրծքով կերակրող մայր եք, դիմեք Ձեր բժշկին` պարզելու, թե որ հակաμեղմնավորիչ հաբերն են հարմար Ձեզ և երբ կարող եք սկսել դրանք ընդունել:
Շարունակելի։
Աղբյուրը՝ «Հակաբեղմնավորիչների օգտագործման ԱՀԿ բժշկական չափանիշներ» գրքույկ