Ովքե՞ր ,  ինչպե՞ս  և որտեղի՞ց  կարող են ստանալ մայրության նպաստ. թեմային առնչվող բոլոր  հարցերի պատասխանները  

Նախածննդյան շրջան

Մայրության նպաստը նախատեսված է  հղիության ու ծննդաբերության շրջանում  կնոջ սոցիալական կարգավիճակի բարելավման համար։

2016թ. հունվարի 1-ից  ուժի մեջ մտած օրենդրական փոփոխությունից հետո նպաստը  տրամադրվում  է  ոչ միայն աշխատող,  այլև աշխատանք չունեցող մայրերին։ Մայրության նպաստի ու դրա տրամադրման կարգի մասին զրուցել ենք  Բեսթ Սոլյուշնս  փաստաբանական գրասենյակի իրավախորհրդատու,  փաստաբան Աստղիկ Անտոնյանի հետ։

Ի՞նչ է մայրության նպաստը

Մայրության նպաստը պետական նպաստի տեսակներից է: Պետական նպաստը՝ պետական բյուջեից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնություն է։

Մայրության նպաստի միջոցով, հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում, մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցվում է մայրության նպաստի իրավունք ունեցող անձանց աշխատավարձը կամ եկամուտը, որը կինը կորցրել է հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության հետևանքով։

Ընդ որում, ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ Հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածը կազմում է 140 օր (70 օր հղիության, 70 օր ծննդաբերության):

Ովքե՞ր կարող են օգտվել մայրության նպաստից

 

Մայրության նպաստի իրավունք ունեն`

1) վարձու աշխատողները, որոնք գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվում

2) անհատ ձեռնարկատերերը և նոտարները (ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձինք)

3) չաշխատող անձինք, ովքեր հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ չեն համարվում վարձու աշխատող կամ անհատ ձեռնարկատեր կամ նոտար և ում բնակաթյան վայրը հաշվառված է ՀՀ-ում:

 

Ընդ որում, օրենքի իմաստով չաշխատող անձ է համարվում նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը: Այսինքն, անձը, որը ոչ թե աշխատանքային պայամանգրի, այլ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա է եկամուտ ստանում, համարվում է չաշխատող:

 

Վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին կամ նոտարներին մայրության նպաստները տրվում են, եթե ժամանակավոր անաշխատունակությունն (հղիությամբ և ծննդաբերությամբ պայմանավորված) առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածում:


Ո՞ր դեպքում կնոջը մայրության նպաստ չի տրամադրվում և ինչո՞ւ

 

Չաշխատող անձին մայրության նպաստի նշանակումը մերժվում է, եթե՝

1) դիմողը չունի մայրության նպաստի իրավունք,

2) դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, կամ դիմումում չեն ներառվել անհրաժեշտ տվյալները,

3) համաձայն առկա տեղեկատվության՝ դիմողի մայրության նպաստը, օրենքով սահմանված կարգով, պետք է նշանակի և վճարի գործատուն,

4) դիմումը ներկայացվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ժամկետը լրանալուց հետո:


Վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին կամ նոտարներին մայրության նպաստների տրամադրումը մերժվում է, եթե չեն ներկայացվել օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:

 

-Ինչպե՞ս է վճարվում համատեղությամբ աշխատող մայրերի նպաստը

 

Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը նշանակելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս եկամտում հաշվի են առնվում նաև մնացած գործատուների կողմից հաշվարկային ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը։ Այն դեպքում, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է:

Իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտը:

 

Ինչպե՞ս է վճարվում գումարը

 

Վարձու աշխատողին մայրության նպաստ տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար:

 

Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Նպաստը վճարվում է որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:

Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում մայրության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո):

 

Մինչև հղիության 154-րդ օրը հղիության արհեստական կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար տրվում է հիվանդության նպաստ։

 

Փոխնակ մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Փոխնակ մորից ծնված երեխայի կենսաբանական մորը մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար` երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի երեխա ծնվելու դեպքում՝ մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:

Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում:

 

Միայն շահառու՞ն կարող է ներկայացնել դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը

 

Մայրության նպաստ ստանալու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է  ներկայացվել անձամբ (նպաստի իրավունք ունեցող անձի կողմից) կամ վերջինիս կողմից լիազորված անձի միջոցով, եթե լիազորությունները հաստատված են նոտարական կարգով տրված համապատասխան լիազորագրով:

 

Ի՞նչ ժամկետներում է որոշվում նպաստի տրամադրումը

 

Վարձու աշխատողների մայրության նպաստը վճարվում է նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` մինչև առաջիկա աշխատավարձը վճարելու օրը:

 

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց (անհատ ձեռնարկատեր և նոտար) նպաստը վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

 

Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի (այդ թվում` միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) մայրության նպաստը վճարում է հիմնական աշխատավայրի գործատուն:

 

Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է մայրության նպաստի իրավունք ունեցող անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` մեկամսյա ժամկետում:

 

Աշխատող կինն իրավունք ունի՞  չօգտվել հղիության և ծննդաբերության արձակուրդից

 

Ինչպես և ցանկացած տեսակի արձակուրդից, այս արձակուրդից ևս աշխատողը կարող է չօգտվել: Սակայն հղիության և ծննդաբերության արձակուրդից չօգտվելու դեպքում աշխատողը չի կարող ստանալ մայրության նպաստ:

 

 

Կինը կարո՞ղ է շուտ վերադառնալ արձակուրդից և ի՞նչ պայմաններով

 

Այո, աշխատողը կարող է շուտ վերադառնալ արձակուրդից` իր դիմումի համաձայն: Այդ դեպքում ավել վճարված մայրության նպաստը վերահաշվարկվում է, և ավելի վճարված նպաստի գումարը հետ է պահվում:

 

 

Կազմակերպության լուծարման դեպքում կինը կարո՞ղ է ստանալ մայրության նպաստ: Եթե այո,  ո՞ր դեպքում:

 

Կազմակերպության լուծարման դեպքում վարձու աշխատողը մայրության նպաստ ստանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից:

 

 

Հարցազրույցը`Արփինե Մուրադյանի